Տեսանյութ.«Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքը` Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտություն կրեցինք, չենք կարողացել նյութականացնել մեր տղաների հերոսությունը       Տեսանյութ. Մեզ համար սա ոչ թե ընտրապայքար է, այլ պետությունը փրկելու հատուկ օպերացիա    

06 մայիս 2021 11:28

ԱՄՆ-ն օգնում է ագրեսորին, որ նա ավելի ագրեսիվ դառնա, ամրացնում է մի երկրի «հակաահաբեկչական հնարավորությունները. Տեր-Գրիգորյանցը՝Բայդենի որոշման մասին

Գեներալը հիշեցնում է, որ Վաշինգտոնն ամրացնում է մի երկրի «հակաահաբեկչական հնարավորությունները», որն Արցախի դեմ պատերազմում ակտիվորեն ահաբեկիչներ էր օգտագործում։
Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու մասին Ջո Բայդենի վարչակազմի որոշումը վկայում է Անդրկովկասում Թուրքիայի հետ միասին ամրապնդվելու ԱՄՆ-ի ցանկության մասին։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել հայկական բանակի հիմնադիրներից մեկը՝ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ասել էր, որ վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի կասեցումը։ Բանաձևն ընդունվել էր 1992թ․-ին՝ հայկական լոբբիի ճնշման արդյունքում։ Փաստաթուղթը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պետական մակարդակով օգնություն ցուցաբերելը։ Սակայն 2001 թ․-ից ամերիկյան վարչակազմերը ժամանակավորապես դադարեցնում էին ակտի գործողությունը։ Նախագահի թեկնածու եղած ժամանակ Բայդենը խոստացել էր վերանայել այդ սովորությունը, բայց  խոստումը, ըստ էության, չկատարեց։
Վաշինգտոնում հայտարարում են, որ օգնությունն անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու, ինչպես նաև «Ադրբեջանի սահմանների անվտանգության ամրապնդման» համար։

Տեր-Գրիգորյանցը նշում է, որ խնդիրը պետք է ավելի լայն համատեքստում դիտարկել։ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը միշտ էլ եղել է ԱՄՆ-ի ծրագրերում, և հիմա, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի ռազմաքաղաքական «ներխուժումը», Վաշինգտոնը որոշել է խառնաշփոթի մեջ իր համար էլ տեղ գտել այս արևի տակ։

«Ադրբեջանն այս բոլոր տարիներին պատրաստվել է պատերազմի և իրավիճակը հասցրել է պատերազմականի` Թուրքիայի անմիջական աջակցությամբ ագրեսիա սանձազերծելով ընդդեմ Ղարաբաղի։ Ներկայիս գործընթացները վկայում են, որ այդ ամենի հետևում ԱՄՆ-ն էր կանգնած։ Դա, իհարկե, ամերիկացիներին պատիվ չի բերում»,-ասում է նա։
Գեներալն աբսուրդային է համարում այն, որ «հակաահաբեկչական» հնարավորություններն ուժեղացնելու շիրմայի հետևում ամերիկացիներն օգնում են մի երկրի, որը ահաբեկիչներ է օգտագործել Արցախի դեմ։ Թուրքիան ու Ադրբեջանը հակամարտության գոտի հազարավոր ծայրահեղականներ են բերել Մերձավոր Արևելքից՝ տարածաշրջանում լուրջ ահաբեկչական վտանգ ստեղծելով, իսկ մի քանի ամիս անց ԱՄՆ-ն նրանց օգնություն է ցուցաբերում, իբր ահաբեկչության դեմ պայքարում։
«ԱՄՆ-ն առհասարակ պետք է պատժամիջոցներ կիրառեր Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ Ղարաբաղում բազմաթիվ պատերազմական հանցագործությունների համար, հայ գերիների և քաղաքացիական անձանց գլխատման, խաղաղ բնակավայրերի գնդակոծման համար: Սակայն, ցավոք, ամերիկացիները որոշել են օգնել ագրեսորին, որպեսզի նա ավելի ագրեսիվ դառնա»,-հայտարարեց մեր զրուցակիցը։

Գեներալը կարծում է, որ Հայաստանն իր հերթին պետք է Բաքվի այդ «նախապատրաստություններին» հակադրի սեփական զինված ուժերում լայնածավալ բարեփոխումները, Ռուսաստանի հետ սերտ համակարգումը և ժամանակակից սպառազինությունների գնումը:

Նրա կարծիքով՝ հայկական բանակին նոր դոկտրին է անհրաժեշտ, զարգացման հայեցակարգ։ Պետք է բանակը վերակառուցել՝ հաշվի առնելով նախորդ փորձը։ Եվ այս առումով Ռուսաստանի՝ որպես հիմնական ռազմական և ռազմատեխնիկական գործընկերոջ դերը դժվար է գերագնահատել։ Հայաստանին անհրաժեշտ են անօդաչու թռչող սարքեր, հակաօդային պաշտպանության ցամաքային համակարգեր, մարտավարական հրթիռային համալիրներ, ռեակտիվ հրետանի, սովորական հրետանի։ Ռուսաստանն այս ամենն ունի, ընդ որում, նրա ունեցածը լավագույնն է աշխարհում։ Դրանից պետք է օգտվել։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր