Իսրայելի վրա հարձակվողներն իրենց կյանքով պատասխան կտան.Նեթանյահու
Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները թանկ կվճարեն Իսրայելի դեմ գործողությունների համար. հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:
«Մենք հանդիպում ենք անցկացրել, անվտանգության ուժերի մասնակցությամբ, իրավիճակը գնահատելու համար: Ես ձեզ այսօր ասում եմ՝ նրանք կվճարեն իրենց սեփական կյանքով: Մենք համախմբված ենք ընդդեմ քամահրելի թշնամու»,- ասել է նա քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում, որը հեռարձակվել է իսրայելական հեռուստաալիքներով:
Իր հերթին, բանակի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոխավին հայտարարել է անհրաժեշտության դեպքում Գազայում գործողություններն ընդլայնելու պատրաստակամության մասին:
«Մենք շարունակում ենք լայնածավալ հարձակումը գրոհայինների օբյեկտների վրա, ոչ մի ուժ չենք տնտեսելու»,- ասել է նա:
Կոխավին հավելել է, որ իսրայելական բանակն արդեն հարձակվել է պահեստների ու զինամթերքի արտադրության կենտրոնների վրա, ոչնչացրել տասնյակ զինյալների, այդ թվում՝ բարձրաստիճան:
«Այսպիսով՝ սահմանի այն կողմում՝ Գազայում, իրականությունը շատ բարդ է»,- հավելել է նա:
Պաշտպանության նախարար Բենի Գանցի խոսքով՝ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում շատ ավելի թիրախներ ունեն, և սա «միայն սկիզբն է»: