Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

19 մայիս 2021 14:09

Ցավոք, շատ ուշ արձագանքեց. Իրանը թույլ չի տա՝ Հայաստանի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պահպանվի Իրանի հետ Հայաստանի սահմանը

Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանի հատումը, հատկապես՝ Սյունիքի ուղղությամբ, Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը հակված է որոշակիորեն դիտարկել նաև Հարավային Կովկասում ակտիվորեն ընթացող աշխարահաքաղաքական նոր խմորումների համատեքստում:


Ինչ վերաբերում է Իրանի դերակատարմանը, որի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, Շահնազարյանը նշեց, որ Իրանը՝ որպես տարածաշրջանային գերտերություն և կարևոր ու ազդեցիկ խաղացողներից մեկը, չի կարող անմասն մնալ տարածաշրջանում ձևավորված նոր ստատուս քվոյի և իրականության ֆոնին ընթացող ուժերի վերադասավորման և անմիջական խաղաղացողների վերադիրքավորման գործընթացից:


«Մանավանդ, որ տեղի ունեցող զարգացումները, կարելի է ասել, բոլորովին նոր բնույթի մարտահրավերներ են և լուրջ վտանգ են ներկայացնում Իրանի անվտանգային մթնոլորտի համար: Փաստ է, որ Իրանը զիջել է դիրքերը և որոշակիորեն կորցրել տարածաշրջանում ընթացող նոր զարգացումների վրա գործուն ազդեցություն ունենալու հնարավորությունը: Սակայն դա չի նշանակում, որ Իրանը կորցրել է հնարավորությունը և ցանկությունը՝ ազդելու տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների վրա: Թերևս, այդ մասին են վկայում Իրանի սահմանապահ ուժերի կտրուկ արձագանքը Ադրբեջանի հետ սահմանային միջադեպին և, մանավանդ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի շատ հստակ և բաց տեքստով հայտարարությունը, որ Իրանի համար բացարձակ անընդունելի է Հայաստանի սահմաններում որևէ փոփոխություն, և, որ Հայաստանի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պահպանվի Իրանի հետ Հայաստանի սահմանը: Սա շատ հստակ մեսիջ է՝ ուղղված տարածաշրջանի երկրներին և դերակատարներին, հատկապես՝ Ադրբեջանին և Թուրքիային:


Չպետք է մոռանանք, թե Հայաստանի հետ սահմանն ու Սյունիքն ինչպիսի ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար և ոչ միայն անվտանգային մթնոլորտի ապահովման, այլև ռազմավարական նշանակակության հեռահար ծրագրերի և նախագծերի իրականացման համար: Նշեմ միայն մեկ օրինակ. Չինաստանի հետ Իրանի համագործակցության 25-ամյա ռազմավարական պայմանագրի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է լինելու դեպի հյուսիս կապով, Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի անվտանգ և անխափան գործարկումով:


Փաստ է, որ այս նախագծերի իրականացումն Հայաստանի տարածքով օրակարգային և կենսական նշանակության խնդիր է Իրանի համար, որը ոչ միայն գալու է ապահովելու Իրան-Չինաստան համագործակցության ռազմավարական պայմանագրով նախատեսվող ահռելի տնտեսական շահերը, այլ նաև էապես կանխելու է տարածաշրջանում թուրքական ձևավորվող բևեռի հզորացումն ու դրանից բխող անվտանգային մարտահրավերները»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արամ Շահնազարյանը՝ հավելելով, որ թուրքական գործոնի հաջողությունը մեծապես պայմանավորված է ցամաքային կապի ապահովմամբ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, որն անցնելու է Սյունիքի տարածքով՝ Մեղրիի միջանցքով, Իրան-Հայաստան սահմանի երկայնքով:


«Այս ամենը հաշվի առնելով՝ ակնհայտ է դառնում, թե ինչպիսի ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի դիրքերի ամրապնդումն ու տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի համար: Թեհրանում գիտակցում են, թե թուրքական գործոնին տարածաշրջանում հավասարակշռող կարևոր դերակատարը և հանգույցը շարունակում է մնալ Հայաստանը: Այս համատեքստում, սակայն, չպետք է աչքաթող անենք մեկ կարևոր իրականություն, այն է՝ Իրանը տարածաշրջանային իրադարձությունների վրա կարող է ազդել այնքանով, ինչքանով թույլ կտան նրա հնարավորությունները, ինչպես նաև՝ տարածաշրջանի մյուս կարևոր խաղացողներն ու դերակատարները: Իսկ ինչ վերաբերում է Սյունիքի հարցով Իրանի հնարավոր դերակատարությանը, ապա երկու կարծիք լինել չի կարող. Իրանն այս կապակցությամբ իրադարձություններին կներգրավվի այնքան, որքան դա կպահանջի և կցանկանա Հայաստանը: Սա միջազգային հարաբերությունների ընդունված նորմ է: Այնպես որ սա, մեծ հաշվով, պայնավորված է նաև Երևանի դիրքորոշմամբ և ցանկությամբ»,- շարունակեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը:


Իսկ թե Արցախի խնդրով ինչ դերակատարում կարող է ունենալ Իրանը, որը ՀՀ-ն և ՄԽ-ն փակված չեն համարում, և արդյո՞ք միջնորդական ցանկությունը պահպանվել է Իրանի մոտ, Արամ Շահնազարյանն ասաց, որ, ցավոք, Իրանը շատ ուշ արձագանքեց և որոշեց ազդել իրադարձությունների վրա։ Այսինքն, այն պահին, երբ պատերազմի ելքը կանխորոշված էր և պարզ։


«Դա, թերևս, կարելի է համարել վերջին տարիներին Իրանի հարավկովկասյան քաղաքականության ամենամեծ բացթողումն ու ձախողումը։ Ներկա դրությամբ ես որևէ հնարավորություն չեմ տեսնում, որ Արցախի մասով Իրանը կկարողանա ազդել գործընթացների վրա»,- եզրափակեց Շահնազարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր