Տեսանյութ.Սյունիքի համայնքապետերը ստիպված կամավորական ջոկատներ են ձևավորում.Կանոնավոր բանակից անցում ֆիդայականի, ջոկատայինի, սա տանում է պարտության, քայքայման
Մեղրիի տարածաշրջանում, շնորհիվ ՌԴ սահմանապահ զորքերի զգալի ներկայության, իրավիճակը հանգիստ է՝ համեմատած Սյունիքի մյուս համայնքների սահմանային իրավիճակի հետ, թշնամին այս ուղղությամբ որևէ առաջխաղացում չունի. կարծես մեր հանրությունը համակերպվել է ինչպես Արցախի, այնպես էլ Սև լճի կորստի հետ, իշխանության շարքերում նույնիսկ այդ զավթումը խրախուսողներ կան: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Մեղրիի համայնքապետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանը:
«Ոչ միայն Սև լճի դրվագում, այլև վերջին երեք տարում տեսնում ենք կանոնավոր բանակից անցում ֆիդայական, ջոկատային, կուսակցական ձևաչափերի, սա տանում է պարտության, քայքայման և կոլապսի: Երկրի պաշտպանությունը, սահմանների պահպանությունը պետք է իրականացնեն կանոնավոր Զինված ուժերը, այլ կառույցների մասնակցությունը պետք է սահմանափակվի: Ցավոք, համայնքապետերը, տեսնելով բանակի բացակայությունը, ստանձնում են պաշտպանության գործը, մինչդեռ նրանք պետք է զբաղվեն տեղական ինքնակառավարմամբ»,-ասել է սյունեցի գործիչը:
Ըստ Զաքարյանի՝ ինչպես այլընտրանքային հարկային տեսչություն չի կարող լինել, այդպես էլ բանակին զուգահեռաբար ձևավորվող կամավորական ջոկատներ չպետք է լինեն. «Սահմանների պաշտպանությունն ամբողջությամբ պետք է իրականացվի ԳՇ-ի կողմից: Եթե համայնքապետերը հուսալի պաշտպանություն տեսնեին, չէին խառնվի բանակի գործերին: Անթույլատրելի է Մեղրիի կամ Սիսիանի միջանցքի մասին նույնիսկ խոսելը, դա թշնամու ձևակերպումն է և նշանակում է՝ մեր սուվերեն տարածքից հողակտոր նվիրել թշնամուն: Եթե խոսքը կոմունիկացիաների բացմանն է վերաբերում, այնպես, ինչպես իրանական մեքենաներն են ՀՀ-ով գնում Վրաստան, դա կարելի է քննարկել, թեև այսքան զոհերի և գերիների պարագայում անգամ այդ հարցի քննարկումն արդարացված չէ»:
Մեղրիի համայնքապետի կարծիքով՝ թշնամին իրավունք չպետք է ունենա մեր տարածքում իր օրենքներով երթևեկելու, քանի որ մեր հայրենիքի տարածքը պետք է փոխանցենք մեր սերունդներին. «Եթե անգամ ՀՀ բնակչությունը համաձայն լինի որևէ հողակտոր զիջելուն, դարձյալ չի կարելի դա անել, քանի որ այն մեր երեխաներինն է: Անթույլատրելի է առանց քննարկման, գաղտնի, բանավոր պայմանավորվածությամբ հող տալ, հանրությունն էլ իներտ է արձագանքում: ՌԴ սահմանապահների ներկայությունը մեր բնակչությանը հոգեբանորեն վստահություն է ներշնչում, սա թերևս ժամանակավոր էֆեկտ է, մենք պետք է լրջորեն մտածենք սեփական ԶՈւ-ն զարգացնելու մասին»:
«Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցչի պնդմամբ՝ ՌԴ-ն ուզում է տեսնել ուժեղ ու մարտունակ դաշնակցի, և մենք պետք է փորձենք դառնալ այդպիսին: «Դիրքային աշխատանքները թերի են: Եթե երկրի գերագույն գլխավոր հրամանատարը և մյուս ղեկավարները որևէ առնչություն չեն ունեցել զինծառայության հետ, բանակն ինքնին չի կարող արդյունավետ լինել, պետք է հասկանալ այդ գործից՝ գոնե չմիջամտել, չվնասել բանակին»,-ամփոփել է Մխիթար Զաքարյանը: