Աբխազիայի արձագանքը Էրդողանի՝ Վրաստանի մասին հայտարարությանը

Աբխազիայի նախարարությունը արձագանքել է Էրդողանի` հունիսի 1-ին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցի կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը: Թուրքիայի նախագահը նշել էր, որ աջակցում է «Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի միջև վեճերի կարգավորմանը Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ խաղաղ ճանապարհով»:
«Մեզ տարակուսանք պատճառեցին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները,- ասվում է Աբխազիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։- Համոզված ենք, որ բարձր մակարդակի քաղաքական գործիչների համար անտեղի է իրենց ելույթներում օգտագործել մակդիրներ, որոնք հիմնովին խեղաթյուրում են մեր տարածաշրջանի օբյեկտիվ իրականությունը»:
Միաժամանակ, Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ իրենք համաձայն են Էրդողանի՝ Վրաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին հայտարարությանը: