Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

25 հուն 2021 11:02

Թանկագին Նիկոլ ,Ֆրանսիան միաբան է ձեր երկրի հետ, պատրաստ՝ օգնելու ձեզ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Մեծարգո պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, հունիսի 20-ին Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ` Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքներն ու հաջողություններ մաղթում Ձեր շարունակվող պաշտոնավարմանը` ի շահ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամ հայ ժողովրդի»,–    նշել է Մակրոնը:
Նրա խոսքով` Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են բացառիկ հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև պատմական առնչությունների վրա և սնուցվում են մեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական իշխանությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև առանձնաշնորհյալ երկխոսությամբ:

«Ուրախ կլինեմ Ձեզ հետ շարունակել Ձեր առաջին մանդատի ընթացքում մեր համատեղ նախաձեռնած աշխատանքը: Գիտեք, որ Ֆրանսիան հետաքրքրությամբ է հետևում Հայաստանում Ձեր ձեռնարկած բարեփոխումներին: Ինչպես առիթ ունեցա վերահաստատելու Ձեզ ս.թ. հունիսի 1-ին Փարիզ կատարած Ձեր այցի ընթացքում, հայ ժողովուրդը ժողովրդավարության և իրավական պետության ամրապնդման իր հաստատակամության մեջ կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար սատարմանը: Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը ևս կշարունակի ամրապնդվել: Վճռական լինելով շարունակել խոցելի բնակչություններին մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը` Ֆրանսիան միաբան է Ձեր երկրի հետ՝ օգնելու հաղթահարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգման պայմաններում»,– ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Այդ առումով նա վերահաստատել է Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորման որոնման հարցում:

«Հավատացած եղեք, որ մենք հանձնառու ենք հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացի վերականգնմանը, որը միակ ուղին է, որ ի զորու է երաշխավորել Հարավային Կովկասում երկարատև կայունության հաստատումը, ինչպես նաև խթանել տարածաշրջանի ժողովուրդների հետ խաղաղության, համերաշխության և բարեկամության մեր ընդհանուր արժեքները»,– գրել է Մակրոնը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր