Իսահակյան գյուղի անասնաբույժն ինքնասպան է եղել. այդ գյուղում սիբիրյան խոց էր հայտնաբերվել
Շիրակի մարզի Իսահակյան գյուղի անասնաբույժն ինքնասպան է եղել։ Նշենք, որ հենց այս համայնքում էր հայտնաբերվել սիբիրյան խոց` ինչպես կենդանիների այնպես էլ մարդկանց մոտ։
Ոստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ երեկ ժամը 10։40-ին հաղորդում է ստացվել, որ Իսահակյան գյուղում տան բանկում գտնվող անասնագոմում կախված մարդ կա։ Դեպքի վայր է մեկնել օպորատիվ քննչական խումբը։
«Պարզվել է, որ տվյալ տան բնակիչը` 1950 թվականին ծնված տղամարդը, իրենց անասնագոմի առաստաղի երկաթյա ձողից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել»,–ասացին ոստիկանությունից։
Արտաքին զննությամբ` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք՝ Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում սիբիրյան խոցի կասկածանքով 7 անձ է հոսպիտալացվել: Նրանք բուժում են ստանում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում: Երեկվա դրությամբ արձանագրվել էր 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում:
Օրեր առաջ էլ Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքների 3 բնակչի մոտ սիբիրյան խոց էր ախտորոշվել։ Նախնական կասկածներով` վարակը տարածվել էր հիվանդ անասունի մսից։