Սիբիրյան խոցով վարակվածների թիվն ավելացավ ևս 2-ով. տնային պայմաններում խոցը չի բուժվում՝ համապատասխան բուժում չստանալու դեպքում այն գնալով մեծանում ու տարածվում է
Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցն ընդունել է սիբիրյան խոց ախտանիշով ևս 2 հիվանդի: Նրանք կանայք են, որոնք հիվանդ կենդանու միսը գնել ու մշակել են: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի խոսքով` վերջիններս փորձել են թաքցնել իրենց մոտ առաջ եկած ախտանիշը և զբաղվել են ինքնաբուժությամբ։ Կանայք բժշկի դիմել են բավական ուշ, երբ հասկացել են, որ իրենց վիճակը գնալով բարդանում է:
«Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Խոցերը գտնվում են վերին վերջույթներին՝ մատների վրա: Բավական խոր վերքեր են: Տնային բուժում են արել՝ ինչ մտքներով անցել է, ու երբ արդեն խոցը մեծացել է, վախեցել են, նոր դիմել են մեզ: Եթե շուտ դիմեին` ավելի հեշտ ու արագ բուժում կստանային»,-նշեց Աստղիկ Բեյբությանը՝ խորհուրդ տալով բնակիչներին չփորձել զբաղվել ինքնաբուժությամբ։
Նա շեշտեց, որ տնային պայմաններում խոցը չի բուժվում՝ համապատասխան բուժում չստանալու դեպքում այն գնալով մեծանում ու տարածվում է:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը տեղեկացրեց նաև, որ այս պահին հիվանդանոցում բուժում են ստանում սիբիրյան խոցով վարակված 8 հիվանդ:
«Ավելի վաղ ընդունված հիվանդների վիճակը միջինից անցել է ավելի թեթևի: Մոտ օրերս նրանք դուրս կգրվեն»,–ասաց նա: