Մոսկվան լուռ չի մնա՝ կօգտագործի տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար
ՀԱՊԿ շրջանակում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են մնում: Այդ մասին, ինչպես հայտնում է ria.ru-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատացման դեպքում Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին հարցին:
«ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորությունները մնում են ուժի մեջ»,-ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանային տարածք:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաև, որ Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար:
«Մենք կանենք ամեն բան, այդ թվում` օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի հնարավորությունները, որպեսզի թույլ չտանք մեր դաշնակիցների նկատմամբ ցանկացած ագրեսիվ ոտնձգություն»,-ասել է Լավրովը Լաոսի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն օպերատիվ խմբի հետ միասին ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն՝ գնահատելու Աֆղանստանի հետ սահմանին տիրող իրավիճակը:
Կառույցի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախատեսվում է շրջայցեր կատարել Տաջիկստանի հարավային շրջաններում, ինչպես նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ ունենալ երկրի ՊՆ, Ազգային անվտանգության պետական կոմիտեի և սահմանապահ զորքերի ղեկավարության հետ:
Սիդորովն ընդգծել է, որ «օպերատիվ խմբի հիմնական աշխատանքը տաջիկա-աֆղանական սահմանի վերահսկողությունն է և ՀԱՊԿ-ի ձևաչափով համատեղ միջոցառումների մասին առաջարկների մշակումը»:
Հիշեցնենք, որ Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակը լարված է դարձել, երբ աֆղան զինվորները լքել են իրենց դիրքերը՝ թալիբների առաջխաղացման պատճառով: