Կեղծ տեղեկությունները կայծակնային արագությամբ են տարածվում պատվաստումների վերաբերյալ
Հայաստանի պատվաստումային ցուցանիշները գոհացուցիչ չեն, բայց գոհացուցիչ է աճի այն տեմպը, որը նկատում ենք: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Ընտրություններից հետո պատվաստումների տեմպը շեշտակի աճել է, և վերջին շաբաթվա ցուցանիշները գոհացուցիչ են, պատվաստումների նկատմամբ ոչ բարենպաստ վերաբերմունքի համար մեծ դեր են խաղում հակապատվաստումային հայտարարությունները, կեղծ տեղեկատվության կայծակնային տարածումը, բայց դա միայն մի հանգամանք է»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ շուտով Հայաստան ներկրվելու են այլ պատվաստանյութեր: «Աշնանը կունենանք 50 000 «Johnson & Johnson» պատվաստանյութը, որը մեկ դեղաչափով է օգտագործվում, այսինքն՝ 50 000 հոգու համար է և մոտ 300 000 դոզա կունենանք «Նովովաքս» ընկերության պատվաստանյութից»,- նշեց նա:
Նախարարի պաշտոնակատարը նաև նշեց, որ Հայաստանն հնարավորություն է ունեցել հունվար-փետրվար ամիսներին ներկրել Pfizer պատվաստանյութի 15.000 չափաբաժին: «Ենթակառուցվածքների բացակայության պատճառով մենք չենք կարողացել այն գնել, բայց ևս մեկ առաջարկ լինելու դեպքում ձեռք կբերվի այդ դեղամիջոցը»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:
Անահիտ Ավանեսյանը նաև մանրամասներ ներկայացրեց առաջիկայում սպասվող սահմանափակումների փաթեթից և ընդգծեց, որ այն մշակման փուլում է և շուտով կներկայացվի հանրությանը:
«Որոշակի դեպքերում, եթե անձը չի պատվաստվում, օրինակ պետք է ներկայացնի ՊՇՌ թեստավորման բացասական արդյունքը, քանի որ պետք է բոլորս էլ գիտակցենք, որ այս համավարակը վերաբերում է հանրությանը և որևէ կերպ պետք է թույլ չտանք, որ ունենանք թվերի անկառավարելի աճ»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը: