Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն       Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»    

14 օգոս 2021 15:52

Սերժ Սարգսյանի մարտահրավերը.ուղերձ՝ Ալիևին ու նաև միջազգային հանրությանը

Երեկ լրահոսում տեղեկություն տարածվեց, որ օրերս Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ամարասի վանական համալիր, որտեղ ծանոթացել է իր ղեկավարությամբ գործող «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի օժանդակությամբ Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին:

Այս տեղեկատվությունը միայն առաջին հայացքից կարելի է դասել մշակութային կամ գիտակրթական իրադարձությունների շարքին։

Իրականում Սերժ Սարգսյանի այդ այցն ունի քաղաքական, ինչ–որ իմաստով նաև աշխարհաքաղաքական նշանակություն։

44–օրյա պատերազմից հետո Արցախ այցելությունները Հայաստանի պաշտոնական ու քաղաքական դասի համար դարձել են տաբու։

Արցախ հայ պաշտոնյաների այցերի անթույլատրելիության մասին ալիևյան սպառնալիքներից հետո գործնականում որևէ բարձրաստիճան այր չի եղել Արցախում։ Դա վերաբերում է նաև քաղաքական դաշտի ներկայացուցիչներին, այդ թվում՝ նախկին նախագահներին ու գործող նախագահ Արմեն Սարգսյանին։

Իսկ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը Ստեփանակերտում անհեռատեսորեն վանկարկող Նիկոլ Փաշինյանի համար մուտքն Արցախ, կարծես, փակվել է վերջնականապես։

Նա կա՛մ արտաքին ստվերային պայմանավորվածություն ունի Ալիևի հետ՝ Արցախ չայցելելու վերաբերյալ, կա՛մ չունի Արցախ այցելելու ներքին համարձակություն։ Դա վերաբերում է նաև նրա իշխանության մյուս ներկայացուցիչներին։

Ահա այս պայմաններում պատերազմից հետո Սերժ Սարգսյանի այցը Արցախի Հանրապետություն ստանում է միանգամայն այլ դեր ու նշանակություն։

Նա փաստորեն Հայաստանի առայժմ միակ ղեկավարն է, կարգավիճակային առումով ամենաբարձրաստիճան այրը (տվյալ համատեքստում նախկին ղեկավար լինելու հանգամանքը նվազ նշանակություն ունի), ով այցելում է Արցախ, այդ այցի մասին հրապարակային ուղերձը կառուցում է գիտական, կրթական ու մշակությային համալիրի զարգացման տրամաբանության շրջանակներում։

Սերժ Սարգսյանի արցախյան այցելությունն ուղերձ է բոլորին, բայց առաջին հերթին Ալիևին ու նաև միջազգային հանրությանը, որ Հայաստանում կան պետական ու քաղաքական գործիչներ, ովքեր հանձնառու են Արցախի համար և ովքեր, ի տարբերություն գործող իշխանության, ձեռքերը չեն լվացել Արցախից։ Որովհետև իրականում Նիկոլ Փաշինյանն անդադար խոսելով «խաղաղություն հաստատելու ժողովրդի մանդատի մասին», ցույց է տալիս, որ իր ու իր իշխանության համար Արցախ ու Արցախի հարց՝ որպես այդպիսին այլևս գոյություն չունի և որ իր համար «ապագա կա» առանց Արցախի։
Ահա այս պայմաններում չափազանց կարևոր են Արցախի կողքին լինելու Հայաստանից հնչող բոլոր ուղերձները, որպիսին պետք է համարել Սերժ Սարգսյանի այցը Ամարասի վանական համալիր։

Ուշագրավ է նաև, որ այդ այցելությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունը, իմա՝ Նիկոլ Փաշինյանը, մերժեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների առաջարկը։

Այսպիսով, իշխանությունն ամեն առիթ օգտագործում է Արցախից ու Արցախի հարցից դիստանցավորվելու համար, այն դեպքում, երբ ընդդիմությունը Արցախի հարցը համարում է հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրը։

Լայն իմաստով, Հայաստանում ներկայումս ընթացող հրապարակային մրցակցության, բանավեճի, քաղաքական ու առաջին հերթին մտածողության պայքարի հիմքում հենց Արցախի հարցն է․ իշխանությունն ու նրա սատելիտներն ամեն ինչ անում են այն հայկական օրակարագից դուրս բերելու, փակված համարելու համար, ընդդիմությունը՝ գոնե մինչ այս պահը իր քաղաքականությունը կառուցում է այն օրակարգի առաջնահերթություն դարձնելու հիմքի վրա։

Սա, բացի քաղաքական ռազմավարությունից՝ նաև, իսկ գուցե առաջին հերթին աշխարհայացքային տարբերություն է։

Նիկոլ Փաշինյանի համար Արցախը եղել է բեռ, ինչի մասին նա խոստովանել է բազմաթիվ անգամներ, և հիմա նա փորձում է ազատվել այդ բեռից։

Այսօրվա ընդդիմության և ընդհանրապես բոլոր առողջ ուժերի համար Արցախը եղել է և կա Հայաստանի նորանկախ հանրապետության գաղափարաբանական, փիլիսոփայական, գոյաբանական առանցքը։

Արցախի ապագան լայն իմաստով կախված է նրանից, թե այս հակամետ մոտեցումներից որը կհաղթի և որի շուրջ կկառուցվի Հայաստանի արցախյան քաղաքականությունը։

Իսկ դա, ինչպես վերը նշվեց, ոչ միայն ուղղակի քաղաքական, այլև աշխարհաքաղաքական խնդիր է, որին իր Արցախյան այցելությամբ նոր բովանդակություն է հաղորդել Սերժ Սարգսյանը։

Աղբյուր՝ 168.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր