Ոչ ոքին չհետաքրքրեց, երբ Արցախում ծծմբային ռումբեր էին օգտագործվում, գուցե նրանց բոլորին ձեռք է տալիս Հայաստանի չգոյությունը
Խաղաղության ամենամեծ երաշխիքը հզոր լինելն է։ Չի կարող այնպես լինել, որ դու պարտված լինես, թույլ լինես և ունենաս թշնամի, որն ունի նման հռետորաբանություն, որը հավակնում է քո տարածքին, և հասնես խաղաղության, «Genesis Armenia»-ի գրասենյակում կազմակերպված «Անավարտ պատերազմ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով ՀՀ գործող իշխանության առաջ քաշած «խաղաղության օրակարգին»։
Ռազմական փորձագետն ընդգծեց, որ որդեգրված պարտվողական քաղաքականությամբ ՀՀ իշխանությունը ինչպես չի կարողանում, այնպես էլ չի կարողանալու որևէ գործընթաց Հայաստանի օգտին ծառայեցնել։
«Ունենք քաղաքական իշխանություն, որը պարտված է։ Այդ պարտվածը ո՛չ կարող է բանակցել, ո՛չ այս երկրի շահերն առաջ տանել։ Պետք է լինի թիմային փոփոխություն։ Այն թիմը, որը չի հաջողել, պետք է հեռանա», - ասաց Արթուր Եղիազարյանը։
Եղիազարյանն ընդգծեց, որ ցանկացած պարագայում ամենակարևորը երկրի ղեկավարության ունակությունն է՝ պարտադրել սեփական երկրի շահը։
«Մի փաստ հիշենք․ դեռևս 2020 թվականի ապրիլի վերջին՝ պատերազմից 4-5 ամիս առաջ, Մեծ Բրիտանիան Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրեց Զանգելանի տարածքում հանքերը շահագործելու վերաբերյալ։ Նշանակում է՝ նրանք նախապատրաստված էին, տեղյակ էին, և կարելի է նաև դրանով պայմանավորել լռությունը, երբ Արցախում ծծմբային ռումբեր էին օգտագործվում, և միջազգային հանրությունը լռում էր, որովհետև իր շահերն էր առաջ տանում։ Իսկ թե ինչ մեսիջներ են գալիս հիմա, մեզ պետք է չհետաքրքրի։ Մենք պիտի ունենանք մե՛ր շահերը, մենք պետք է հասկանանք՝ որպես ազգ, պետություն, ի՞նչ ենք ուզում։ Գուցե նրանց բոլորին ձեռք է տալիս Հայաստանի չգոյությունը, ուրեմն պիտի ասենք՝ լավ, որ ամբողջ աշխարհն այդպես է ընդունում, հաշտվե՞նք։ Ո՛չ, մենք պետք է պարտադրենք մեր մոտեցումը», - ասաց ռազմական փորձագետը։