Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

02 հոկ 2021 10:45

Փաշինյանին15 տոկոսը տվեցին , մնացածը մնաց մյուս փայատերերին.Պետությունը ռեկե՞տ է իրականացրել գերմանական ընկերության նկատմամբ

Երեկ վերջապես որոշակի լույս սփռվեց ստվերային մի գործարքի վրա, որի մասին արդեն երկար ժամանակ խոսում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատերի տակ. որ կառավարությունը, 2018-ից սկսած, ցանկանում է փայատեր դառնալ այս ՓԲԸ-ում եւ այդ պատճառով է ճնշումներ իրականացնում կոմբինատի գերմանական ղեկավարության վրա՝ հարկային անվերջանալի ստուգումներ, ԱԱԾ քննություն, աշխատողների ազատումներ եւ այլն: 

Նախ՝ կառավարությունն իր վերջին նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց ԶՊՄԿ-ի ինչ-որ անհայտ բաժնետիրոջից՝ Արդյունաբերական ընկերությունից, կոմբինատի ակցիաների մի մասը, ապա երեկ արդեն հայտարարեց, որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի սեփականատերն է, եւ որ այն պատկանում է «Գեոպրոմայնինգ Արմենիային», որը 2021թ. սեպտեմբերի 30-ին ձեռք էր բերել ԶՊՄԿ-ի 60%-ը։

Վերջինիս տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Տրոցենկոն, ըստ կառավարության տարածած տեքստի, Հայաստանին առաջարկել է 15% բաժնեմասնակցություն ԶՊՄԿ-ի սեփական կապիտալում: Փոխվարչապետ Պապիկյանն էլ, շնորհավորելով ռուսներին ու մեր ժողովրդին, ասել է, որ այս գործարքը կարող է Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը եւ ընդհանուր արժեքների ստեղծումը բիզնես-հանրություն ոլորտում: Այսպես, գեղեցիկ բառերի շղարշի տակ գերմանական փորձառու հանքարդյունաբերողը դուրս մղվեց հայկական շուկայից՝ տեղը զիջելով ռուսական ընկերությանը: 

Նկատենք, որ գործարքը տեղի է ունեցել լիարժեք ստվերի պայմաններում, ոչ հրապարակային, եւ անգամ կառավարության նիստում որոշումն ընդունվել է փակ ընթացակարգով: 

Երբ Արդյունաբերական ընկերությունը դարձավ սեփականատեր, եւ երեկ ամբողջ օրը մենք փորձում էինք պարզել, թե ովքեր են, ում է պատկանում այն, ԶՊՄԿ-ի իրավաբանական պայմանագրային բաժնի պետ Արա Ղոնյանը, լսելով մեր հարցերը, ուղղակի անջատում էր հեռախոսը: 

«Գեոպրոմայնինգ Արմենիա» ռուսական ընկերությունից, որին, ըստ ԶԼՄ-ներով թեւածող տվյալի, պատկանում է սույն արդյունաբերականը, վախվորած լռում էին՝ հրապարակման առաջնահերթությունը զիջելով Փաշինյանի կառույցին, ինչը եւ երեկոյան արեց կառավարությունը` հաղորդագրություն տարածելով: 

Երեկ փորձեցինք նաեւ բաժնետերերի խորհրդի նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանից տեղեկանալ, թե ինչ գործարք է սա, եւ ինչ է «տվել» կառավարությունն այս բաժնեմասի դիմաց: Հակոբյանն ասաց, որ ինքն օգոստոսին է վայր դրել լիազորությունները եւ ոչինչ չգիտի այս ընկերության մասին, ինչը մեզ տարօրինակ թվաց: 

«Հնարավոր է, որ թաքնված պայմանագիր եղած լինի: Քանի որ մի քանի բաժնետերեր կան, կարող է մեկը գործարք կատարի իքսի հետ, հետո մնացած բաժնետերերը դրա մասին իմանան դե ֆակտո, երբ որ գրանցվի այդ ընկերությունը: Ինչքան հասկացա, այն երեկ է գրանցվել: Իսկ եթե կապենք կառավարությանն անցած այդ 15 տոկոսն այն հանգամանքի հետ, որ հիմնարկը երկար ժամանակ պրեսինգի տակ է եղել, որ 38 հոգու ցուցակով հանել են, որ խտանյութը երկար ժամանակ դուրս չէին թողնում, ապա պատկերը լիարժեք կդառնա»: Պետությունը ռեկե՞տ է իրականացրել գերմանական ընկերության նկատմամբ: Վահե Հակոբյանը չցանկացավ որակումներ տալ, բայցեւայնպես, մեզ իրատեսական է թվում հենց այդ գնահատականը՝ պարզ ռեկետ: Կառավարությունը ռեկետ է արել եւ խլել մասնավոր ընկերության 15 տոկոսը: 

ԶՊՄԿ-ի բաժնետերերի միջեւ կռիվները վաղուց էին սկսվել: Գերմանական «Քրոնիմետն» ի վերջո հոգնել է գզվռտոցից, եւ մյուս բաժնետերերը, վերցնելով նրա բաժնեմասը, խոստացել են հետ տալ գումարները՝ կոմբինատն աշխատեցնելով: Բայց Փաշինյանը սա համարել է անարդար գործարք եւ իր տոկոսն է պահանջել: Արդյունքն այն եղավ, որ գերմանացին դուրս մղվեց, մտավ նոր «պրոնիկոլական» փայատեր, 15 տոկոսը տվեցին Նիկոլին, մնացածը մնաց մյուս փայատերերին, ինչի մասին նրանցից ոչ մեկը, ներառյալ Վահե Հակոբյանը, չի ուզում բաց խոսել: Իրականում կոռուպցիան հենց նման դրսեւորումներ է ունենում, եւ նման գործարքներով են երկիրն ու նրա ընդերքն անհատ անձինք թալանում:

«Հրապարակ օրաթերթ»

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր