Եթե Իրանին հաջողվի ստանալ միջուկային զենք,ապա կստանա տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրությունը փոփոխելու հնարավորություն

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքի խոսքերով, հարկավոր է, որ կողմերը փակ դռների հետևում գտնեն փակուղուց դուրս գալու ելքեր, միջուկային խնդիրը լուծելու եղանակներ:
Այն օրից ի վեր, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ը դուրս բերեց Իրանի հետ կնքված միջուկային միջազգային գործարքից, Իրանը զարկ է տվել ուրանի հարստացման աշխատանքներին և արգելում է միջազգային դիտորդների մուտքը միջուկային իր հաստատություններ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վարչապետն, իր անհանգստությունն արտահայտելով այս հարցում, հայտարարեց, թե Իսրայելն ունի համբերության բաժակ, որը կարող է լցվել:
«Եթե այլ պետությունների համար այս հարցը կարևոր չէ, ապա Իսրայելը չի կարող հանդուրժել, որ Իրանն ունենա միջուկային զենք»,- հայտարարեց նա:
ՄԱԿ-ի միջուկային հարցերով գործակալության տվյալներով, Իրանն ուրանն այսօր հարստացնում է մինչև 60 տոկոս: Սակայն մինչև 90 տոկոսի հարստացումն արձանագրելը դժվար գործընթաց է: Էհուդ Բարաքի խոսքերով, որը նաև եղել է Իսրայելի պաշտպանության նախարարը, ասում է, թե միջուկային զենք պատրաստելու համար 60-ից 90 տոկոսի անցումը շատ կարճ ժամանակ է պահանջում: Այն կարող է իրականացվել մեկուսացված մի վայրում, քաղաքացիական բնակչությամբ մի քանի տարբեր վայրերում, կամ էլ հին հանքերում: Նա կարծում է, որ այդ դեպքում Իրանը կկարողանա միջուկային մարտագլխիկներ տեղադրել իր հրթիռների վրա:
Անցած տարիների ընթացքում Իսրայելը դիվերսիոն մի քանի հարձակումներ է իրականացրել Իրանի միջուկային ծրագրի դեմ: Իսրայելի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է ռազմական հարված հասցնելու հնարավորության մասին: Սակայն նման որևէ գործողություն կարող է իրականացվել միայն այլ տերությունների հետ համաձայնության դեպքում, ասում են փորձագետները:
«Իսրայելն ունի ԱՄՆ-ի ռազմավարական և լոգիստիկ աջակցության, եվրոպական երկրների քաղաքական աջակցության կարիքը»,- ասում է Իրանի հարցերով փորձագետ Մենաշե Ամիրը:
Եթե Իրանին ի վերջո հաջողվի ստանալ միջուկային զենք, ինչպես քաղաքական վերլուծաբաններն ու մի շարք երկրների առաջնորդներ են ասում, Թեհրանը կստանա տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրությունը փոփոխելու հնարավորություն: