Ռուբինյանը մանրամասներ հայտնեց ԵԽԽՎ-ի հակաադրբեջանական զեկույցներից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվել է հայկական կողմի համար 2 կարևոր զեկույց: Դրանցից մեկով ի թիվս այլ պահանջների, Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ հետ վերադարձնել բոլոր հայ գերիներին:
Այս մասին ՀՀ ԱԺ-ում անցկացված ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց, որ երկրորդ զեկույցն էլ վերաբերել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Զեկույցում նշված էր, որ Հայաստանում անցկացված ընտրությունները մրցակցային և լավ կազմակերպված են եղել: Սրանք, ըստ էության, ՀՀ-ի երկրորդ համապետական ընտրություններն են, որ բարձր գնահատականի են արժանանում ԵԽԽՎ դիտորդների կողմից»,- ասաց Ռուբինյանը:
Հայկական կողմի համար ԵԽԽՎ-ում երկրորդ հետաքրքրական զեկույցը եղել է Ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ:
«Այդ զեկույցը պատրաստվել է ամիսներ շարունակ։ Այնտեղ ֆիքսվում է, որ պատերազմը հակամարտող կողմերի՝ ԵԽ անդամ լինելով ստանձնած պարտավորությունների խախտում է, և ԵԽԽՎ-ն պետք է ուսումնասիրի այդ հարցը։ Ֆիքսվում է նաև Թուրքիայի աջակցությամբ կամ մասնակցությամբ սիրիացի վարձկանների տեղափոխումը Արցախ և մասնակցությունը պատերազմին»,- նշեց պատվիրակության ղեկավարը։
Նա շեշտեց, որ երկրորդ զեկույցում հստակ կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց՝ անկախ այն կարգավիճակից, որ տրված է այդ անձանց Ադրբեջանում։
Նշվում է նաև հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին, դատապարտվում է Ադրբեջանում ծավալվող ալբանական կեղծ թեզի գոյությունը։
Անդրադարձ կա նաև Ադրբեջանում պաշտոնական և բարձր մակարդակով օգտագործվող ատելության խոսքին։
Անդրադառնալով հարցին, թե Ստրասբուրգում թուրք կամ ադրբեջանցի պատգամավորների հետ հայկական պատվիրակության անդամները նստաշրջանից դուրս շփումներ ունեցե՞լ են՝ Ռուբինյանը բացասական պատասխան տվեց: ««Բարև»-ից այն կողմ չի եղել որևէ բովանդակային շփում»,-ասաց նա:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն էլ խոսեց պատվաստումների հետ կապված քննարկումներից։ Նա ընդգծեց, որ քննարկումները եղել են ոչ այնքան պատվաստումների ինստիտուտի վերաբերյալ, այլ թե պատվաստված անձանց անձնագրերով երկիր մուտք գործելն ու դրա հիման վրա խտրականություն իրականացնելը որքանով է իրավաչափ։
«Որևէ փաստաթուղթ, որն ըստ էության կնախատեսեր պատվաստման առանձնահատուկ կարգավորումներ, չեն եղել։ ԵԽ-ն և ԵՄ-ն դիմում են բավականին կոշտ միջոցառումների։ Պատվաստումների թիվը Եվրոպայում բավականին բարձր է, Ֆրանսիայում այն հասել է 80-85 տոկոսի»,- նշեց Վարդանյանը։