Իրանի գլխավոր դատախազի անդրադարձը՝ ամենակարևոր հարցերից մեկը Արաքս գետի աղտոտվածությունն է
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Իրանի պետական ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը (IRIB) տված հարցազրույցում, Հայաստանի տարածքում Արաքս գետի ջրի աղտոտման մասին ասել է. «Հայաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում ամենակարևոր հարցերից մեկը Արաքս գետի աղտոտվածությունն էր, որը ես քննարկեցի այս երկրի պաշտոնյաների հետ»:
Մոնթազերին հավելել է, որ հանդիպումների ժամանակ որոշվել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է Իրանում և Հայաստանում Արաքսի աղտոտվածությունը:
«Արաքս գետի հարցը կարևոր է երկու երկրների համար և մենք վճռական ենք այս խնդիրը հետապնդելու մինչև ցանկալի արդյունքին հասնելը»,-ասել է Իրանի գլխավոր դատախազը։
Pars Today-ը գրում է, որ Արաքսը ջրառատ գետի անուն է, որը սկիզբ է առնում Թուրքիայի Անատոլիայի շրջանի Բինգո լեռներից: Այս գետի երկարությունը 1072 կմ է: Արաքս գետը վերջին տարիներին աղտոտվել է Հայաստանի տարածքում գետը լցվող կեղտաջրերի հետևանքով: