ՌԴ-ում հայ-ադրբեջանական սահմանի քարտեզներ կան. Սարգսյանը` Պուտինին ուղարկված նամակի մասին

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնցում արտահայտված է, թե խորհրդային տարիներին որտեղով են անցել սահմանները միութենական հանրապետությունների միջև:
«Ես չգիտեի, թե որտեղ են դրանք պահվում։ Եթե գլխավոր շտաբում, ապա գլխավոր շտաբում», - ասել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ մարտական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո սահմանների հետ կապված խնդիրներ են սկսվել, հատկապես այն բնակավայրերում, որոնց մոտեցել են ադրբեջանցի զինվորականները ու Սոթքի հանքավայրում, որի մի մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ:
«Հենց այդ ժամանակ էլ գրեցի Վլադիմիր Վլադիմիրովիչին, քանի որ ադրբեջանական կողմը օգտագործում էր «Գուգլի» քարտեզները կամ ինչ-որ ուրիշ բաներ։ Ես մաթեմատիկա գիտեմ, ծրագրավորում էլ գիտեմ և կարող եմ նկարել Դիլիջանի քարտեզը՝ մինչև ձեզ ուզած տեղը։ Սրանք վիրտուալ քարտեզներ են, բայց կան իրական քարտեզներ։ Մենք ընդհանուր պատմություն ունենք և՛ Ռուսական կայսրության, և՛ Խորհրդային Միության հետ»,-ասել է նա։
ՀՀ նախագահն ավելացրել է, որ Ռուսաստանում կան նաև այլ փաստաթղթեր 1984 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների որոշման մասին: Սարգսյանը կարծում է, որ սահմանների հարցն անհնար է լուծել առանց Ռուսաստանի։