ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

26 նոյ 2021 13:29

Պիտի լապատկան վերկալես կամ լոմը կոխես թուրքի համապատասխան տեղը.Ֆրանսիացին ու ռուսն էլ չեն թողնի, որ թուրքն առաջ գա․ Իշխանասարի համայնքապետը լավատես է

Իհարկե համաձայն չենք, որ Սյունիքով միջանցք տան Ադրբեջանին, ախր, գիտես, մի ուրիշ բան էլ կա, միջանցք են ուզում էդ մարդիկ, բայց եթե այսօր միջանցքը տալիս են՝ մեր վիճակն ի՞նչ կլինի Սյունիքի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Սյունիքի Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանը։

Սյունիքի վիճակը շատ վատ կլինի, եթե այդպիսի միջանցք տան՝ համոզված է նա։

«Որովհետև թուրք է գնալու-գա, թուրքն էլ մեր ոխերիմ թշնամին է, ինչ խոսք»,-ասաց Իշխանասարի համայնքապետը։

Մարատ Պետրոսյանը չբացառեց, որ միջանցք տրամադրելու դեպքում ադրբեջանցիները կբերեն՝ իրենց ցեղակիցներին կբնակեցնեն այդ միջանցքի երկայնքով, և Սյունիքի ժողովրդագրական պատկերն էլ կփոխվի։

«Ոչ մի բան չի բացառվում, ոչ մի բան, բառիս բուն իմաստով՝ ոչ մի բան չի բացառվում, բայց դե դա չլնող բան է, Փաշինյանը վերջապես հո իր ազգի թշնամի՞ն չի։ Եկեք սենց էլ մտածենք էլի․․․»,-մխիթարեց Մարատ Պետրոսյանը։

Նա ջանք է գործադրում չհավատալ, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպմանն ասել է՝ պիտի միջանցքը տանք, հակառակ դեպքում՝ ուժով կվերցնեն։

«Չէ, չէ, ոնց կարող է տենց բան ասած լինի ինքը»,-ասաց նա։

Մարատ Պետրոսյանը նաև չի ուզում հավատալ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Փաշինյանը ստորագրել է կետ, որ այդ հաղորդակցական ուղու անվտանգությունը հսկելու են ռուսները։

«Սյունիքի միջանցքը եթե հսկող լինի, իհարկե, դա ինձնից վեր է, ես իմ կարծիքն եմ ասում, պիտի հայը՝ մեր հայը հսկի էդ միջանցքը, ոչ թե ռուսը կամ ես ինչ գիտեմ՝ ով»,-ասաց նա։

Իշխանասարի համայնքապետը ռուսի հսկողությունն էլ է վտանգավոր համարում՝ հիշեցնելով Սումգայիթը։

«Իհարկե, դա էլ է վտանգավոր, ռուսը ե՞րբ է, է՞, մեր մոտը կանգնել, եղել է, բայց ոչ էն․․․ Սումգայիթը տեսեք ինչ եղավ։ Է՜ մի սուտկա հետո արձագանքեցին, ասում են՝ չիմացանք»,-հիշեցրեց Մարատ Պետրոսյանը։

Չնայած սրան, համայնքապետը վստահ է, որ եթե թուրքը որոշի Իշխանասարի վրայով քայլելով գալ ու մտնել մեր տարածք, քանի որ այնտեղի մի քանի դիրք արդեն մեր վերահսկողության տակ չէ, Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան չեն թողնի։

«Հո մենակ Փաշինյանը չի, որ մտածի՝ ոնց պաշտպանի, ստեղ ռուս կա, Ֆրանսիա կա, Ամերիկա կա, հո մենակ ինքը չի։ Միջազգային լծակներ ունեն, բան ունեն, որ ասեն՝ հո՛պ, սպասի՛ր, էդ մարդը չի ստորագրել, ո՞ւր ես գնում քիթդ խոթում։ Այսինքն, Փաշինյանը չի ստորագրի էդ միջանցքի հարցը, չի անի։ Կասի՝ ինչի՞ համար ստորագրեմ, չեմ կարա տենց բան անեմ՝ ժողովուրդս համաձայն չի, ինչի՞ մասին է խոսքը։ Ֆրանսիացին ու ռուսն էլ չեն թողնի, որ թուրքն առաջ գա»,-այսպես է պատկերացնում իրավիճակի զարգացումը Իշխանասարի համայնքապետը։

Նա նաև վստահ է, որ թուրքը չի որոշի՝ վեր կենալ ու գալ։

«Թուրքի որոշելով չի՞ հո, մենք պտի որոշենք։ Թուրքը կարա ասի՝ դուրս արի, ես գալիս եմ ձեր տանը մնամ, դուրս կգա՞ս։ Թուրքը, թուրքը, թուրքը․․․ դրել եք՝ ծեծում, ծեծում, ծեծում, թուրքն եկավ, թուրքն եկավ՝ ջհանդամը գա։ Ինչի՞ց եք վախենում, դե դուք էլ թուրքին վախացրեք»,-ասաց նա։

Ինչպե՞ս պետք է վախեցնենք թուրքին, եթե սահմանամերձ համայնքների բնակիչներին չեն զինում, ինչո՞վ ենք վախեցնելու՝ հարցրինք։

«Դե ուրեմն պիտի լապատկան վերկալես կամ լոմը կոխես թուրքի համապատասխան տեղը»,-բացատրեց Իշխանասարի համայնքապետը։

Նա նշեց, որ ինքը ոչ մի կուսակցության չի ենթարկվում, իր կուսակցությունն իր Երկրապահն է՝ հասարակական կազմակերպությունը։

«Ես ընդամենը մի հատ վարչական ղեկավար եմ, ես հո չեմ դնելու սրա-նրա հարցերը լուծեմ։ Ոչ մի բան չեն ասել, թե ոնց ենք պաշտպանվելու, ես՝ որտե՜ղ, պաշտպանությունը՝ որտե՜ղ, Պաշտպանության նախարարությունը՝ որտե՜ղ, կառավարությունը՝ որտե՜ղ, նենց հետաքրքիր հարցեր եք տալիս, էն էլ էն մարդուն, որ ինքն ընդհանրապես՝ ինքն ա, իրա ժողովուրդը, ֆսյո, իրա գյուղը»,-ասաց Մարատ Պետրոսյանը։

Համենայն դեպս, նշեց, որ Երկրապահում այսօր «համար առաջին» է տրված ամբողջ հանրապետությունով մեկ, բայց չգիտի՝ զինե՞լ են, թե՞ չէ։

Իշխանասարում, ասաց, հիմա «վիճակը խախանդ է, էն ամսի 16-ին ինչ եղել՝ եղել է, դա է, ֆսյո», էլ ուրիշ բան չկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր