Արտակարգ խորհրդակցություն.կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել, եթե արդյունքները մտահոգիչ լինեն, ապա այն կկոչվի հունական այբուբենի տառով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ուրբաթ օրը հատուկ նիստ կանցկացնի՝ Հարավային Աֆրիկայում COVID-19 B.1.1.529 նոր շտամի հայտնաբերման կապակցությամբ։ Այս մասին առցանց նիստի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն, փոխանցում է «ՌԱԻ Նովոստի»-ն:
Կազմակերպությունը հայտնել է, որ հետեւում է կորոնավիրուսի նոր տարբերակին եւ նախատեսում է քննարկել, թե ինչպես դա կազդի գոյություն ունեցող պատվաստանյութերի արդյունավետության վրա:
«Մենք դեռ բավարար տեղեկություններ չունենք դրա մասին։ Այս տարբերակի համար հասանելի է 100-ից քիչ ամբողջական գենետիկական հաջորդականություն: Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ այս շտամը մուտացիաներ ունի»,- պարզաբանել է Վան Կերկխովեն:
Նրա խոսքով` վիրուսի էվոլյուցիայի հարցով խումբը կքննարկի այն վտանգը, որը ներկայացնում է կորոնավիրուսի այս տարբերակը, ասել է նա։ Եթե արդյունքները մտահոգիչ լինեն, ապա այն կկոչվի հունական այբուբենի տառով:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին դեպի հարավաֆրիկյան երկրներ թռիչքների դադարեցման մասին՝ Բոտսվանայում նոր շտամի հայտնաբերման պատճառով։