Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին    

08 դեկ 2021 10:31

Դե քանի հատ ատամ ունեն, եթե պետք լինի, հերթով կքաշենք, մինչև անատամ դառնան. Գերասիմ Վարդանյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից է եղել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը: Նա, հիշեցնենք, ըստ ԱԱԾ-ի՝ ուղիղ մեկ տարի առաջ տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության և Ազգային ժողովի շենքեր ներխուժման գործով էր անցնում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Վարդանյանն ընդգծեց՝ ինքն այդ գործի հետ որևէ առնչություն չունի: «Ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ. գործ են հարուցել, բայց մի տարվա մեջ ոչ մի անգամ հարցաքննության չեն կանչել»,- նշեց նա: Վարդանյանից հետաքրքրվեցինք նաև՝ հնարավոր է արդյոք, որ իշխանության ներկայացուցիչները նոյեմբերի 9-ի դեպքերից հետո մինչև օրս «ատամ ունեին» ու երեկ նաև դրա համար են, այսպես ասած, վրեժ լուծել: «Դե քանի հատ ատամ ունեն, եթե պետք լինի, հերթով կքաշենք, մինչև անատամ դառնան», - արձագանքեց նա:

Մեր ունեցած տեղեկություններով՝ իշխանականները Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի մասին, այնուամենայնիվ, չեն մոռացել: Ավելին, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ուղղակի մեղադրանք է հնչեցրել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, թե խուլիգանական արարք թույլ տալու ու սպանության փորձ իրականացնելու մեջ մեղադրվող մարդուն բերել, օգնական են նշանակել։ «Մարդն անցնում է քրեական գործով, այն էլ՝ սպանության փորձ իրականացնելու հատկանիշներով։ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է նաև «Ազատություն» ռադիոկայան ներխուժելու մեջ։ Բայց ոչ թե Գերասիմը, այլ նրա շեֆերն են մեղավոր։ Նա այս պատմություն մեջ մի բանում է մեղավոր, որ ազատ քայլում է ԱԺ միջանցքում, ու իրեն թվում է, թե կատարել է իր բաղձալի երազանքը, այն է՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձ է իրականացրել կամ փորձել «Ազատության» խմբագրությունը ջարդուփշուր անել։ Բայց, ո՛չ, սա ինստիտուտ է, այստեղ նա պետք է գլուխը կախ քայլի», - հարցազրույցի ժամանակ ասել է Հակոբյանը։

Համեմատության համար նշենք, որ իշխանական պատգամավորների օգնականների շարքերում նույնպես անձինք կան, որ լրատվամիջոցների վրա են հարձակվել, բռնության կոչեր հնչեցրել, ոչ համաչափ գործողություններ իրականացրել ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այդ ամենից հետո, սակայն, նրանք նույնպես ԱԺ-ում աշխատանքի են անցել։

Նրանցից է, օրինակ, «Հեղափոխության պահապաններ» խմբի անունից հանդես եկող Հայկ Ստեփանյանը, որ սեպտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական է նշանակվել։ Ստեփանյանը, հիշեցնենք, համախոհների հետ «Հայելի» մամուլի ակումբի վրա ձվային «արշավ» էր իրականացրել։ 2020-ի մարտին էլ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր՝ ինչպես են «Հեղափոխության պահապանները» Փաշինյանին քննադատած մի տղամարդու ստիպում ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից։ Այնպես որ, ընդդիմությանը մեղադրելուց առաջ թերևս պետք է մաքրեն նաև սեփական թիմը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր