Ադրբեջանական Haqqin.az-ը ամենակարևոր լուրերի ցանկում էր ընդգրկել նաև «Երևանից Ստամբուլ՝ Փաշինյանի գործընկերոջ ինքնաթիռով» հրապարակումը
Այսօր ադրբեջանական Haqqin.az-ը ամենակարևոր լուրերի ցանկում էր ընդգրկել նաև «Երևանից Ստամբուլ՝ Փաշինյանի գործընկերոջ ինքնաթիռով» հրապարակումը՝ տեղեկացնելով, որ Flyone Armenia ավիաընկերությունը կդառնա առաջին ավիաընկերությունը, որը 2015 թվականից հետո կիրականացնի Ստամբուլ-Երևան չվերթեր։
Նկատենք, որ դեպի Ստամբուլ ուղղության մասին նորաբաց «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը նշել էր դեռևս իր առաջին մամլո հաղորդագրության մեջ, որով տեղեկացրել էր՝ հայկական «FLYONE ARMENIA» ընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական։
«Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիս, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ ուղղություններով»,- տեղեկացրել էր ընկերությունը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլն արդեն անդրադարձել էր այս ընկերության հետ գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կապին՝ տեղեկացնելով, որ «Ֆլայուան Արմենիան» հայ-մոլդովական նախագիծ է. ընկերության 54 %-ը պատկանում է հայկական կողմին՝ գործարար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, սակայն թղթի վրա հանդես են գալիս Սուքիասյաններին փոխկապակցված անձինք, իսկ մնացած 46 %-ի տերը մոլդովական «Fly One» ավիաընկերությունն է: