Տեսանյութ.ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստել՝ ցածր մակարդակով, թեև խոսքը պետական դավաճանության մասին էր
Տարօրինակ է, որ ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստել՝ ցածր մակարդակով։ Եթե խոսքը պետական դավաճանության մասին է, ապա նման ցածրակարգ նյութերի նախապատրաստում չպետք է ունենային, եթե անգամ Իսագուլյանը դիմեր՝ որպես հանցագործության մասին հաղորդում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Գառնիկ Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանը։
Այդուհանդերձ, ԱԱԾ-ն մերժել է պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի հարուցումը և հարուցել քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով։ Գործն այժմ գտնվում է ՔԿ վարույթում։
Փաստաբանը տեղեկացրեց, որ Գառնիկ Իսագուլյանը ցուցմունք չի տվել՝ կասկածի տակ դնելով ՔԿ-ի անաչառությունը։
«Ինչպես Իսագուլյանն է նշում՝ ՀՀ-ում արդեն գրեթե չկա սուբյեկտ, որ չիմանա այն մասին, որ թշնամություն է առկա՝ Իսագուլյանի և Քյարամյանի միջև, քանի որ վերջինս հորդորել է Իսագուլյանի որդուն՝ ազատվել աշխատանքից»,- նշեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ դատարանի վարույթում է գտնվում նաև մեկ այլ քրեական գործ՝ Արգիշտի Քյարամյանի կողմից ադրբեջանցիներին հայկական անձնագրեր բաժանելու վերաբերյալ, որի շրջանակներում Քյարամյանը վկա է, հետևաբար, ՔԿ-ն չի կարող քննել սույն գործը։