Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակի բանակի թվաքանակը մեծացվում է ՝ ավելացվում է «կոմանդոսների» ստորաբաժանում          Ընկերներ ընտրելիս կարեւոր է մարդու հոտը. իսրայելցի գիտնականներ       Մենք պետք է նայենք մեր սեփական շահերին և չենք միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին    

06 փետ 2022 19:56

Մոտենում է Արցախյան շարժման 31-րդ տարեդարձը, կնշվի՞ այդ արժանահիշատակ իրադարձությունը

Մոտենում է Արցախյան շարժման 31-րդ տարեդարձը, որ լրանում է փետրվարի 13-ին: Սպասել, որ մեր երկրում իշխանությունը կնշի այդ արժանահիշատակ իրադարձությունը, որ մեր երկրին ի վերջո բերեց անկախություն (անկախ դրան նպաստած վերհայաստանյան իրադարձություններից), բերեց ի վերջո Արցախյան պատերազմում հաղթանակի` անիմաստ է, քանի որ մի երկրում, որտեղ չեն նշում սեփական բանակի երեսնամյակը, այնտեղ ղեկավարությունից ազգի արժանապավության ամրապնդմանն ուղղված որեւէ բան ակնկալելն անիմաստ է: Սակայն զարմանալի է նաեւ Հայաստանի նախորդ երեք նախագահների` մեր բնորոշմամբ հայտնի բերմուդյան եռանկյունու պահվածքը, որոնք ի վերջո կարող էին միասին գոնե բանակի տոնի առթիվ ինչ- որ հրապարակային միջոցառում կազմակերպել ու թեւ տալ բանակին` առանձին հայտարարություններն առ ոչինչ են:
 
Նույնը հիմա այս տարեդարձի խնդիրն է, որի նշումը ակնկալել միայն ռուսական ակնդետ հայացքի տակ գտնվող Արցախից` ճիշտ չէ, ի վերջո հայերիս հավաքական արժանապատվությանն է վերաբերում խնդիրը, երեսնամյա պետականությանը:
 
Մինչդեռ ամեն ինչ այս պահին ուղիղ հակառակն է ե՛ւ Արցախի, ե՛ւ մեր անկախության պարագայում, որտեղ իշխանության մոտեցումները խոցելի եւ վախվորած են, հրապարակային խոսքը (դիցուք` վարչապետի վերջին ասուլիսում)` հեղհեղուկ եւ իրականնությանն ու իրողություններին չհամապատասխանող, իսկ հարցազրույցներով միմյանց սպառնալը` անէական: Կոնկրետ Սերժ Սարգսյանը վերջին հարցազրույցում որ նշում է, թե արցախյան բանակցությունների վերաբերյալ ունի փաստաթղթեր եւ ծայրահեղ դեպքում կբացահայտի` ուզում ենք հարցնել` միթե պատերազմը, ահռելի թվով զոհերն ու նոյեմբերիննյան խայտառակ փաստաթուղթը ծայրահեղ դեպքերի մեջ չէին:
 
Երկու օր առաջ Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունների հեղինակած «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքըը կարելի է համարարել երկչոտ, բայց եւ արժանապատվության վերականգնման առաջին քայլերից մեկը, չնայած այն արժանացավ հակասական գնահատականների: Բայց որ պետք էր օրենքի մակարդակով գոնե Արցախի` վերջին պատերազմում կորցրած տարածքներն անվանել օկուպացված, դա անվիճելի է, եւ դեռ ամրագրել, որ առանց ԱՀ իշխանության համաձայնության միջազգային ընկերությունները այդ տարածքներում գործունեություն չիրականացնեն, քանի որ դրանց դեօկուպացնելու դեպքում այդ ընկերությունները չեն կարողանա Արցախից կորցրած վնասների փոխհատուցում պահանջել (Քաշաթաղ, նաեւ`Շահումյան, Գետաշեն, վերջին երկուսը` երեսուն տարի առաջ է օկուպացվել): Սա` այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետը չի այցելում Արցախ, Արցախի խնդրի հետ կապված Հայաստանի խորհրդարանում որեւէ նախաձեռնություն չի դրսեւորվում, մինչդեռ խոսում են ադրբեջանցիների` Արցախ վերադառնալու իրավունքից: Այն քննադատությունները, թե 30 տարի առաջ օկուպացված տարածքներից խոսելը` ներկայիս բուն Արցախից վերջին պատերազմի ժամանակ էլ օկուպացված տարածքների շարքում, պարզապես տեղին չեն եւ իրավական առումով խոցելի են եւ տեղավորվում են Հայաստանի ներկա իշխանության կրավորական պատկերացումներում:
 
Եթե խոսքը հանրաքվեով հռչակված տարածքների մասին է (իրավական առումով), ապա դա չի խանգարել, որ դրանց մի մասն այժմ հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ տարածքների պատկանելիության մասին հիշեցնելն ուղղակի արժանապատվության հարց է:
 
Է, Հայաստանի իշխանությունն էլ ամնեզիա ունի առ այն, որ Նախիջեւանը ոչ թե Ադրբեջանին է պատկանում, այլ նրան կառավարման էր հանձնված հարյուր տարով ու իրավական առումով հիմա օդից կախված է` մերոնք ձեւ են անում, թե ոչինչ չգիտեն այդ մասին: Պատմությունը պետք է հաճախ հիշեցնել, ու դա չի խանգարում Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, նրանց էլ պատմական փաստերըը վերհիշելը չի խանգարի: Այն տեսակետը, որ Արցախի խորհրդարանի ընդունած օրինագիծը  կարող է հերթական բախումը հրահրել` քննադատության չի դիմանում, պետք չէ ինքներս մեզ ուղտի տեղ դնենք, եթե Մինսկի խմբի համանախագահների ներքո բանակցություններ սկսվեն, սա միայն կարող է վկայել տարիներով Ադրբեջանի ծավալապաշտական պահվածքի մասին:
 
Չնայած` ինչ-որ չի երեւում, որ ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահները այրվում են ցանկությունից օր առաջ այցելել տարածաշրջան ու զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ, մանավանդ` բուն կարգավիճակի կամ այլ արմատական հարցերի առումով:
 
Նույնիսկ Արարատ Միրզոյան–Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգ վերջին երկխոսությունից է դա ակնհայտ: Երբ Միրզոյանը նշում է, որ ղարաբաղյան կարգավորման մանդատով միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է օժտված, լուծումը գտնված չէ եւ նշյալ ձեւաչափով բանակցությունները պետք է շարունակվեն, ապա ավելացնում, թե ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ ուժի չկիրառման սկզբունքներից վերջինն արդեն խախտել է Ադրբեջանը` նշելով, որ եթե այդ կանոնը խախտվում է մեկի համար, մյուսների համար էլ է նման դուռ բացվում, ապա կոնկրետ արձագանք չի հետեւում ավստրիացին ընդհանրական նշում է, թե իրենք օգնություն առաջարկում են, Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունելու այդ օգնությունը: Բա պատերազմի ժամանակ ո՞ւր էր այդ օգնությունը:
 
Դե իսկ Ադրբեջանից էլ չուշացավ պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով, թե` երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանություններն այս առնչությամբ տեղին չեն ¨ անհիմն են: Լավ կլիներ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնաբաներ երկրի ստանձնած պարտավորությունների կատարման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ կապված հարցերը: Ավելի վաղ էլ Ալիեւն էր զառանցագին սպառնալիքներ հնչեցրել առ Հայաստան:
 
Հայաստանի ԱԳ նախարարն էլ, երկրի վարչապետն էլ, դե, չեն հոգնում խաղաղության ձեւաչափից խոսել, հայելային համարժեքությամբ չպատասխանելով Բաքվին: Է, գոնե Արցախը խոսի առանց իր համաձայնության իր նախկին տարածքներում միջազգային ընկերությունների գործունեության անկարելիությունից կամ դեօկուպացիայից:
 
Իսկ մեր արտգործնախարարի այն համոզմունքը, որ հայ -թուրքական հարաբերությունների կարգավորումը կստիպի Ադրբեջանին փոխել գործելակերպը` նախ առաջինի առումով է ավազի վրա կառուցված տուն, Թուրքիան երբեք չի հրաժարվի իր նախապայմանների առավելագույն նիշից, այնպես որ չենք կարող կիսել արտգործնախարարի հուսառատ խոսքը երեկվա կառավարության նիստի ավարտից հետո, թե չլուծված խնդիրների լուծումը, հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենան ողջ տարածաշրջանի եւ զուգահեռ ընթացող բոլոր գործընթացների վրա եւ կզսպեն Ադրբեջանին` մեր սահմաններին նոր սադրանքներ իրականացնել:  Վկայությունը հենց արտգործնախարար Միրզոյանն է մատուցել` հայտնելով, որ Ադրբեջանը բացասաբար է արձագանքել սահմանազատման եւ սահմանագծման հայկական առաջարկների փաթեթին: Բա՞: Եւ հիմա հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ քննարկումներ են ընթանում սահմանային գոտում անվտանգության մեխանիզմներն ամրապնդելու ուղղությամբ:
 
Մարիետա Խաչատրյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր