Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

09 մար 2022 12:12

Ո՞ւմ եք օգնել, ո՞ւմ եք տարհանել, ո՞ր մի հայն ա ապահով, վիճակն արդեն անելանելի է, Սլավուտիչում մարդիկ շրջափակման մեջ են

Hetq.am-ը գրում է․ Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սլավուտիչ քաղաքում մարդիկ, պատերազմի գրեթե առաջին օրերից սկսած, հայտնվել են շրջափակման մեջ։ Օրեր շարունակ Սլավուտիչ քաղաք սննդի և վառելիքի մատակարարում չի իրականացվում, եղած պաշարն էլ գրեթե սպառվել է։


Բելառուսի սահմանից մոտ 13 կմ հեռավորության վրա գտնվող այս քաղաքում ապրում է շուրջ 25 հզր մարդ՝ այդ թվում նաև հայեր։ Քաղաքը կառուցվել է 1986թ․ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքով տեղահանված մարդկանց բնակեցնելու համար։ Այն 40 կմ է հեռու Չեռնիգով քաղաքից, որը այս օրերին ռուսական կողմը պարբերաբար հրիթառակոծում է։ Սլավուտիչում ստեղծված իրավիճակի շուրջ «Հետքը» զրուցել է այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացի 50-ամյա Կարեն Շահբազյանի հետ։ «Արդեն քանի օր է՝ քաղաքում հաց չկա, մարդիկ լրիվ խուճապի են մատնվել։


Կարող է մեկ էլ մի տեղից խոսակցություն լինի, որ ալյուր են ճարել, վաղը էս ինչ տեղում, էս ինչ ժամին 50 հատ հաց են բերելու, առավոտից մի 600 հոգի գնա, հերթ կանգնի։ Շունը տիրոջը չի ճանաչում»,- պատմում է Կարեն Շահբազյանը։ Սլավուտիչում բնակիչները ինքնուրույն են փորձում հաց հայթայթել՝ հիմնականում քաղաքին հարակից գյուղեր գնալով ու գյուղացիներից մթերք խնդրելով։


«Էսօր մի կերպ վառելիք ենք ճարել, գնացել 5 կմ հեռու մի գյուղից թեփի ալյուր ենք բերել, բաժանել հայ ընտանիքներին, որ գոնե ամեն մեկը մի կամ երկու հաց թխեն, ապրեն,- ասում է Կարեն Շահբազյանը, -գնում ենք գյուղեր, դիմում ենք, մարդիկ մեզ հասկանում են, մի կես պարկ ալյուր, մի պարկ կարտոֆիլ են տալիս, բայց էդ մարդկանց պաշարն էլ անվերջ չի, իրենք էլ են հասկանում, որ պատերազմ ա․ վաղը իրենք էլ չեն ունենա»։


Այս պահին քաղաքից դուրս գալու համար նախ պետք է հասնել հրթիռակոծվող Չեռնիգով քաղաք։ Ճանապարհը ապահով չէ, քանի որ շրջակայքում մարտական գործողություններ են ընթանում, և դիվերսիոն խմբեր կան։


«Սկզբի օրերին կապվեցինք մեր դեսպանատան հետ, բոլորիս տվյալներն ուզեցին ու կորան։ Հետո մեզ ասեցին՝ դուք եկեք Լվով, մենք ձեզ կօգնենք։ Եթե մենք կարողանանք հասնել Լվով, իրենց օգնությունը մեր էլ ինչի՞ն է պետք։ Սա պիտի բարձր մակարդակով կազմակերպվի, պիտի միջանցք խնդրեն, թե չէ ես հո չեմ կարող մի ընտանիք վերցնել, ճանապարհ ընկնել, մի բան էլ լինի, էդ պատասխանատվության տակից ո՞նց դուրս գամ»,-ասում է Կարեն Շահբազյանը։


Նրա խոսքով՝ մինչ այս պահը իրենց հետ ոչ ոք չի կապվել, օգնություն չի առաջարկել, իրենք մնացել են մեն-մենակ ու չգիտեն՝ ինչի սպասել։ «Կապվել եմ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներից մեկի հետ, ասում է՝ մեկին գտեք, փող ուղարկենք, թող ձեզ հանի էդտեղից, ասում եմ՝ էստեղ փողի խնդիր չկա, բոլորս էլ փող ունենք, բայց ոչ ուտելիք կա, ոչ վառելիք, փողը էստեղ ուղղակի թուղթ ա, եթե մտնում ես խանութ բան չկա՝ փողդ ի՞նչ անես,- ասում է Կարենը,- մենք էստեղ բոլոր հայերս բոլորին գիտենք, ամեն օր նստում, խոսում ենք՝ ինչ կարելի ա անել, որտեղից ուտելիք ճարել, մի բան ճարում ենք, որտեղ էրեխեք կան, սկզբից էնտեղ ենք ուղարկում, հետո՝ նոր մեզ»։ Պատերազմի հետևանքով ռուսական վերահսկողության տակ անցած տարածքները և իրավիճակի զարգացմանը կարելի է հետևել Լայվ մեփ օնլայն ինտերակտիվ քարտեզի միջոցով։ Այստեղ մարտի 8-ի դրությամբ կարելի է տեսնել, որ Սլավուտիչ քաղաքը գրեթե բոլոր կողմերից շրջափակված է, պատկերը մոտավորապես այսպիսին է փետրվարի 25-ից սկսած։ «Բացի էն, որ մեր քաղաքի շրջակայքում ռմբակոծումներ են, մարտական գործողություններ, նաև զենք են բաժանել բոլոր նրանց, ովքեր գնացել, ուզել են, հիմա բոլորի ձեռքը աջ-ձախ զենք կա։ Չնայած մարդիկ արդեն գերադասում են կրակոցների միջով քաղաքից դուրս գալ, քան մնալ ու սովից մեռնել»,- ասում է Կարեն Շահբազյանը։


Նրա խոսքով՝ վիճակն արդեն անելանելի է, եթե մինչ այս պահը փորձում էին հանգստություն պահպանել, այլևս հնարավոր չէ, ի՞նչ կլինի, եթե էլի մի որոշ ժամանակ նման ձևով իրադրությունը շարունակվի։ «Ես ուզում եմ, որ մեր երկրում անկեղծ լինեն, ասեն, որ չի ստացվում հանել մարդկանց, չի ստացվում ռուսի, ուկրաինացու հետ բանակցել, բայց մի ասեք, որ լավ է, որովհետև ոչ մի բան լավ չի։ Մենք ամենաթեժ տեղում ենք գտնվում, ու մեզ դեռ ոչ մեկը չի զանգել, մի կտոր հաց չի ուղարկել, բայց հայտարարում են, որ հայերը ապահով են, ո՞ւմ եք օգնել, ո՞ւմ եք տարհանել, ո՞ր մի հայն ա ապահով»,- ասում է Կարեն Շահբազյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր