ԱՄՆ-ը չի ճանաչի Վրաստանի ինքնիշխան տարածքը բաժանելու ՌԴ-ի փորձերը, չի ճանաչիՀարավային Օսիայի հնարավոր մուտքը ՌԴ կազմ
Միացյալ Նահանգները չի ընդունի Հարավային Օսիայի հնարավոր մուտքը Ռուսաստանի կազմ և վերահաստատում է իր հավատարմությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, հինգշաբթի ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ո՛չ տեղական իշխանությունները, ո՛չ Ռուսաստանը իրավասու չեն որոշել Հարավային Օսիայի ապագան, որը Վրաստանի մաս է կազմում», – ասել է Փրայսը։
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ ինչպես նախկինում Վաշինգտոնը չէր ճանաչում Ղրիմը որպես ռուսական, իսկ ավելի ուշ՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, ԱՄՆ-ը չի ճանաչի Վրաստանի ինքնիշխան տարածքը բաժանելու Ռուսաստանի փորձերը: Փրայսը հավելել է, որ ԱՄՆ-ը վերահաստատում է իր հավատարմությունը երկրի տարածքային ամբողջականությանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 10-ին նշանակված նախագահական ընտրություններից հետո:
Հարավային Օսիայի սահմանադրական օրենքին համապատասխան՝ նախագահը որոշում է կայացնում հանրաքվե անցկացնելու մասին, որում նա որոշում է հանրաքվեի անցկացման օրը։ Քվեարկությունը կարող է նշանակվել ցանկացած հանգստյան օր՝ հրամանի հրապարակման օրվանից երկուսից երեք ամսվա ընթացքում։