Սպասենք հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների.Ռուսաստանին մտադիր են ամեն գնով դուրս մղել այդ ձևաչափից
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում։ Օգտվելով Ռուսաստանի թուլացումից Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքով, ինչպես նաև միջազգային հանրության հետ ունեցած խնդիրներից՝ Թուրքիան փորձում է առաջ մղել սեփական օրակարգը տարածաշրջանում և դառնալ Հարավային Կովկասի միանձնյա տիրակալը։ Այս առումով թուրքական իշխանությունները գրեթե խնդիրներ չուներ ո՛չ Վրաստանի, և ո՛չ էլ Ադրբեջանի հետ, մեկը կրտսեր եղբայր է, մյուսն էլ՝ տնտեսական առումով բացառիկ կախվածության մեջ է գտնվում թուրքական բիզնեսից։ Առայժմ միայն Հայաստանն է, որ չի գտնվում թուրքական ազդեցության գոտում, և պատճառը ոչ միայն սահմանների փակման հանգամանքն է։
Մեր տեղեկություններով Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին, ինչպես նաև նրա անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանին, հանձնարարվել է ակտիվացնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, շուտափույթ պայմանագիր ստորագրել, որը կարող է ստորագրվել Ադրբեջանի «Խաղաղության պայմանագրի» հետ համատեղ։ Արևմտյան երկրները ցանկանում են մեկ փաթեթում լուծել բոլոր խնդիրները Հարավային Կովկասում և այդ կերպ կտրել նրան Ռուսաստանի ազդեցությունից։ Փաշինյանական իշխանությունը հրաշալի հասկանում է, որ այս պահին իր իշխանության պահպանման միակ ռեսուրսը մնացել է Թուրքիան և այդ առումով որևէ խնդիր չի հարուցում, ընդհակառակը, մեր տեղեկություններով, Ռուբեն Ռուբինյանն առաջիկայում ավելի կակտիվանա, 10 կետից բաղկացած պայմանագիր է քննարկվելու, որի արդյունքում բացվելու են հայ-թուրքական սահմանը, ինչպես նաև Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանի քաղաքականության միակ երաշխավորը՝ դուրս մղելով Ռուսաստանին։
Ռուսական կողմը, բնականաբար, հասկանում է ստեղծված իրավիճակի լրջությունը և փորձում պահպանել իր ազդեցությունը։ Սակայն Ուկրաինայում թուլանալուն զուգահեռ, Ռուսաստանը կորցնելու է նաև Հարավային Կովկասը։ Եվ այստեղ նույնիսկ արևմտյան որոշակի շրջանակներ մտադիր են նոր միավոր ստեղծել՝ այսպես կոչված «3+2» ֆորմատ, որտեղ կլինեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև՝ Թուրքիան և Իրանը։ Ռուսաստանին մտադիր են ամեն գնով դուրս մղել այդ ձևաչափից։
1or.am