ՌԴ-ն նոտա է հղել ԱՄՆ-ին. այս ամենը կարող են հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների»
![](https://armday.am/storage/posts/January2022/5U7m2ZqTdQYBwzH9Ztee.png)
Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այո, բոլոր երկրներում», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ճի՞շտ է «Washington Post» թերթի հրապարակումը, որում ասվում է, թե Մոսկվան նոտա է հղել Վաշինգտոնին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։
Ըստ WP-ի՝ Ռուսաստանը զգուշացրել է, որ զենքի մատակարարումները սրում են իրավիճակը Ուկրաինայում և կարող են հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների»։
Նամակն ուղարկվել է այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային զենքի մատակարարումների կտրուկ ընդլայնմանը: Հիշեցնենք՝ 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթը նախատեսում է զենքի նոր խմբաքանակ, որը ներառում է 155 մմ հաուբիցներ, անօդաչու թռչող սարքեր և զրահամեքենաներ, ինչպես նաև լրացուցիչ մարդատար շարժական հակաօդային և հակատանկային զենքեր:
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան կողմից Պետդեպարտամենտին ուղարկվել է «Կիևի ռեժիմին սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զանգվածային մատակարարումների վերաբերյալ Ռուսաստանի մտահոգության մասին» փաստաթուղթը, որը գրված է ռուսերեն՝ թարգմանությամբ:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մեղադրել է դաշնակիցներին հակամարտությունների գոտիներ զենք տեղափոխելու «կոշտ սկզբունքները» խախտելու և բարձր ճշգրտության սպառազինության ՝ «Ուկրաինայում արմատական ազգայնականների, ծայրահեղականների և ավազակային կազմավորումների ձեռքն ընկնելու վտանգն անտեսելու համար։
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին դադարեցնել Ուկրաինայի անպատասխանատու ռազմականացումը, որն անկանխատեսելի հետևանքներ է բերում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»,- ասվում է գրառման մեջ։