Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

18 ապր 2022 14:30

ԱԱԾ-ին առաջարկում ենք գործել սթափությամբ, աչալրջորեն հետևել ներքաղաքական զարգացումներին, հարգալից վերաբերմունք ցուցաբերել Արթուր Վանեցյանի նկատմամբ

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Մեր հայրենիքի շուրջ տեղի ունեցող ծանր իրադարձությունների և դրանց դիմակայելու ուղղությամբ իշխանությունների դրսևորած պասիվ, նույնիսկ հանդուրժող վարքագծի դեմ իր և հանրության բողոքն արտահայտելու նպատակով Ազատության հրապարակում քաղաքական ակցիա է սկսել ու իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Երեկ ականատեսը եղանք, թե ոստիկանության աշխատակիցներն ինչպես են առանց որևէ առիթի ու անհրաժեշտության ճնշում և ուժ գործադրում բողոքի ակցիայի մասնակիցների, այդ թվում և Ա. Վանեցյանի նկատմամբ:

Հասկանալի է, որ ոստիկանության և ուժային մյուս կառույցների գործողություններն ըստ  էության ղեկավարվում,  ուղղորդվում են անձամբ վարչապետի կողմից: Նա է ոստիկանապետ Վահե Ղազարյանին, նրա տեղակալ, ոլորտը համակարգող Կամո Ցուցուլյանին հանձնարարականներ տալիս, թե հավաքի մասնակիցներից ու լիդերներից յուրաքանչյուրի նկատմամբ ինչ կոշտությամբ գործեն: Վերջիններս էլ այդ հանձնարարականները կատարման նպատակով իջեցնում են իրենց ենթականերին:

Պարոնայք Վ. Ղազարյան և Կ. Ցուցուլյան, ոչինչ հավերժ չէ, այդ թվում  և իշխանությունը: Օրինաչափորեն գալու է ժամանակը, երբ գնահատականի են արժանանալու յուրաքանչյուր պաշտոնյայի այսօրվա գործողությունները: Ուստի, անձամբ ճանաչելով Ձեզ, մանրամասնորեն տեղեկացված լինելով ձեր անցած ծառայողական ուղուց, մարդկային որակներից, ինչպես նաև սովորություններից` կոչ ենք անում զսպվածության:

Պահանջում ենք հարգել իշխանությունների կողմից իբր ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրում ազատ ակցիաներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը, առանձնակի հարգալից և կոռեկտ վերաբերմունք դրսևորել մեր գործընկերոջ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անձի նկատմամբ` հաշվի առնելով, որ նա իրավապահ և կառավարման համակարգում ի պաշտոնե զբաղեցրել է պատասխանատու և ազդեցիկ դիրք: Վստահաբար կարող ենք փաստել, որ ոստիկանության մեր գործընկերների հետ մշտապես հարաբերվել ենք փոխադարձ հարգանքի, փոխօգնության մթնոլորտում և դրա արդյունքում  արձանագրել դրական լրջագույն ձեռքբերումներ: Միմյանց նկատմամբ հարգանքն այսօր էլ պետք է պահպանել:

Դիմելով ԱԱԾ գործող ղեկավարությանն ու աշխատակիցներին` առաջարկում ենք գործել մեր համակարգին բնորոշ սառնասրտությամբ, սթափությամբ, օբյեկտիվ և  աչալրջորեն հետևել ներքաղաքական զարգացումներին, պահանջել ընդգծված հարգալից վերաբերմունք ցուցաբերել ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է բոլորիս ներկայությամբ անձամբ հայտարարել, որ ընդդիմության, այդ թվում իր նկատմամբ տարված աշխատանքներում ԱԱԾ-ն երբեք չի հատել կարմիր գծերը: Հետևաբար այսօր էլ ձեզանից պահանջվում է պահպանել այդ գործելաոճը, և որևէ մեկն իրավասու չէ Ձեզ դրդել դեմ գնալու համակարգի ներսում տասնամյակների ընթացքում ձևավորված դրական ավանդույթներին:

Թե ոստիկանության, թե ուժային մյուս կառույցների ղեկավարները պետք է գիտակցեն, որ իրենց մերժելի վարքագծով վատ օրինակ են ծառայում երիտասարդ աշխատակիցների համար և ապագայում նույն վերաբերմունքին կարող են իրենք արժանանալ: Ակնհայտ է, որ վերը նշած դեպքերը երիտասարդների մոտ խիստ նվազեցնում են համակարգում ծառայության անցնելու մոտիվացիան, խաթարում են սպայի պատիվը»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր