Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի. ԿԲ փոխնախագահ

«Մենք ունենք 2.5 մլրդ դոլարի միջազգային առևտուր Ռուսաստանի հետ, որտեղ 800 միլիոն դոլարի կարգի արտահանումն է, 1.7 միլիարդ դոլարի՝ ներմուծումը: Վերջին 1,5 ամսվա դինամիկ զարգացումների պարագայում առկա տվյալները դեռ քիչ են հեռու գնացող ենթադրություններ անելու համար, բայց, ամենայն հավանականությամբ, առևտուրը կկրճատվի», - նշեց Խաչատրյանը:
Վճարային հաշվեկշռի, կապիտալ հոսքերի, առևտրային հաշվեկշռի տեսանկյունից Կենտրոնական բանկը դեռ վերջնական գնահատական չի հրապարակել, թե որ ուղղությամբ կլինի զուտ առևտրի փոփոխությունը:
Հայաստանն Ուկրաինայի հետ ունի ոչ մեծ ծավալի առևտուր՝ 160 մլն դոլարի, որից 120 միլիոնը ներմուծումն է. «Դա, եթե չի զրոյացել, ապա զրոյին մոտ է», - ասաց նա՝ հավելելով, որ այդ ներմուծման և արտահանման ծավալները, բնականաբար, ինչ-որ կերպ լրացվելու են այլ ճանապարհներով:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի տնտեսության կանխատեսումներին՝ ԿԲ նախագահի տեղակալն ասաց, թե ՌԴ-ի տնտեսության կանխատեսումները, բնականաբար, բացասական են։
«Կանխատեսել ենք 8 տոկոսի չափով, սակայն շատ մեծ, անհասկանալի իրադարձությունների մեջ ենք այդ կանխատեսումն արել, այս պահին հնչում են 10-15 տոկոս, 6-7 տոկոս, շատ տարբեր են կանխատեսումները», - ընդգծեց Հովհաննես Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը երկնիշ՝ մոտ 15 տոկոս գնաճ ունի, որը արդյունք է մեծ անորոշությունների և ռուբլու փոխարժեքի արժեզրկման։
«Վերջին շրջանում իրավիճակի կայունացման հետ և ռուբլու փոխարժեքի փոփոխության հետ կապված՝ կլինեն փոփոխություններ», - հավելեց ԿԲ փոխնախագահը։