Մարդիկ պետք է իմանան, թե ով է փոխարինելու Փաշինյանին.առաջնորդության խնդիրը խանգարում է ընդդիմությանը հաջողության հասնել
Rossaprimavera.ru-ն գրում է, որ հայկական ընդդիմադիր շարժման մեջ մեկ առաջնորդի բացակայությունը ընդդիմության բողոքի ցույցերի անբավարար հաջողության պատճառն է: Այդ մասին ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Ըստ քաղաքագետի՝ ընդդիմադիր շարժումը բավարար հեղափոխական ներուժ չունի, և այդ առումով այս փուլում ցուցարարները իշխանափոխության չեն հասնի։
Փորձագետը մայիսի 1-ին Երևանում հավաքված ցուցարարների թիվը գնահատել է 14 հազար մարդ։ Քաղաքագետի խոսքով, չնայած բազմաթիվ ակցիաներին, ակտիվ ցուցարարներ այլևս չկան: Սուրենյանցը համոզված է, որ բողոքի շարժման աճը կանխող հիմնական խնդիրը միասնական առաջնորդի բացակայությունն է, շարժման իրական շահառուներից ոչ մեկը չի շտապում հայտարարել շարժման իր ֆորմալ ղեկավարության մասին, նշել է փորձագետը։ Քաղաքագետը հիշեցրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախկինում հրապարակավ հրաժարվել էր ընդդիմության հաղթանակի դեպքում երկիրը ղեկավարելու իր մտադրություններից, մինչդեռ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նման խոստում չի տվել, և նման անորոշությունը հանգեցնում է որոշ իրական և հավանական կողմնակիցների հիասթափության։ Մյուս կողմից, եթե առաջնորդ հայտարարվի, հրապարակում հավաքվածներից ոմանք դա կարող են չընդունել։
«Քոչարյանի և Սարգսյանի միջև անթաքույց հակասություններ կան: Հենց նրանցից մեկը հայտարարի իր հավակնությունների մասին, երկրորդի թիմն ու աջակիցները կսկսեն իրենց չափազանց պասիվ պահել»,- ասել է Սուրենյանցը։ Բացի այդ, ըստ քաղաքագետի, երկու նախկին նախագահները դեռևս չափազանց բարձր հակառեյտինգ ունեն հասարակության մեջ։ «Հասարակությունը չի կարող համախմբվել նրանց շուրջ, և հավանաբար դա է պատճառը, որ Ֆրանսիայի հրապարակում մարդկանց թիվը չի ավելանում»,- նշել է փորձագետը։
Ըստ Սուրենյանցի՝ Փաշինյանից հանրային հիասթափությունը չի ավելացնում Քոչարյանի և Սարգսյանի աջակիցների թիվը, իսկ ընդդիմության մեկ անձի ղեկավարությամբ գործելուց հրաժարվելը կարող է հանգեցնել ընդդիմադիր շարժման աջակցության նվազմանը։ Մարդիկ պետք է իմանան, թե ով է փոխարինելու Փաշինյանին, կարծիք է հայտնել փորձագետը։