Ահա թե ինչու ոստիկանը հատուկ խնամքով վերցնում է կրակված արկի պարկուճը. մարդկանց ստացած վնասվածքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է

«Ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է, իսկ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել։ Դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է։
Այս հատուկ միջոցը կարող է կիրառվել միայն նման մարտական լրակազմի հաշվեկշռում առկա քանակից և բացառապես ՀՀ ոստիկանապետի գրավոր հրամանով կամ ցուցումով, կրկնում եմ, բացառապես գրավոր:
Ըստ մասնագետների վկայությունների, քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած վնասվածքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է:
Ժամկետանց լինելու հանգամանքը հնարավոր է ստուգել միայն կրակված արկի պարկուճի զննությամբ, որի հնարավորությունն այս պահին ունի միայն ոստիկանությունը: Ամենևին պատահական չէ այն հանգամանքը, որ տեսանյութերից մեկում հստակ երևում է, որ ոստիկանության ծառայողը հատուկ խնամքով վերցնում է կրակված արկի պարկուճը, որպեսզի հնարավոր չլինի հետագայում զննությամբ ստուգել նշված հանգամանքը:
Ոստիկանությունը պարտավոր է մանրամասն քննությամբ, հանրության համար ստուգելու հնարավորությամբ պատասխանել այս հարցին»,- գրել է Արսեն Բաբայանը: