Հաստ աղիի քաղցկեղի գլխավոր նշանները          Տեսանյութ. Երասխով շեղվում է ավելի խոշոր պլան. Արթուր Այվազյան       Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է, որը պայմանավորված է մարդկության ագահությամբ    

28 սեպ 2016 14:02

Կարևոր նորություն է, որ հայկական կողմը հրաժարվում է փոխզիջումային քաղաքականությունից

«Հայաստանում ռազմական նորագույն տեխնիկայի ցուցադրումը քաղաքական նոր քաշ է հաղորդում մեր երկրին տարածաշրջանում։ Այդ քայլով Հայաստանը կարծես աշխարհին ցույց է տալիս իր հիմնական նպատակը՝ անվտանգության մեխանիզմների ավելացման կարևորությունը»: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա զուգահեռներ է անցկացրել Հայաստանում և Ադրբեջանում նշվող անկախության 25-ամյակների իրադարձությունների միջև՝ համեմատելով երկու երկրների առաջնային համարվող խնդիրներն ու նպատակները։ Նրա ներկայացմամբ, Ադրբեջանում անկախութան տարեդարձն ուղեկցվում է սահմանադրական հանրաքվեով՝ նախագահի լիազորությունների մեծացմամբ ու պաշտոնավարման տարիների երկարացմամբ՝ մինչև 7 տարի, որով էլ, Ադրբեջանն արդեն իսկ քննադատության է արժանացել միջազգային իրավապաշտպան գրեթե բոլոր հայտնի կազմակերպությունների կողմից:

«Եվ մինչ, արևմտյան մամուլն ակտիվորեն քննադատում է ադրբեջանական հակաժողովրդավարական հերթական քայլերը, Հայաստանը, աշխարհին ցույց է տալիս անվտանգության ապահովմանն ուղղված իր քաղաքականությունը՝ ռազմական շքերթի ժամանակ ցուցադրելով նորագույն տեխնիկայի հնարավորությունները»,-ընդգծեց բանախոսը:

Ըստ քաղաքագետի՝ «Իսկանդեր»-ը միայն զինատեսակ չէ, որով կարելի է հզորացնել հայկական ռազմական ուժերը, այն նաև քաղական գործիք է՝ Հայաստանին պարտավորեցնող տարածաշրջանում ունենալու ավելի լուրջ ամբիցիաներ, արտաքին քաղաքականության առջև դնելու առավել գլոբալ տարածաշրջանային խնդիրներ։ Քաղաքագետը համոզված է, որ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը խոր փակուղում է: Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ում ունեցած ԱԳ նախարարի վերջին ելույթում հայկական կողմի գնահատականներն ու դիրքորոշումը բավականին խիստ էին: «Սա հետևանք է այն բանի, որ նախագահ Ալիևը հրապարակայնորեն հրաժարվել է Սանկտ-Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունից, որի նպատակն էր՝ պատերազմի վերսկսման հնարավորությունների կանխումը վստահելի մեթոդների ներդրման ճանապարհով։ Եվ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հանդես գալ մաքսիմալիստական պահանջատիրությամբ, Հայաստանը չի կարող մոտենալ այդ հարցին նախկին տրամաբանությամբ»,-ասել է քաղաքագետը:
 
Մելիք-Շահնազարյանը կարևոր նորություն է համարում այն, որ հայկական կողմը հրաժարվում է փոխզիջումային քաղաքականությունից՝ առանց Արցախի անկախության ճանաչման հստակ ժամկետային երաշխիքների։ Ըստ բանախոսի, մադրիդյան սկզբունքների հիմքում ընկած տարածքային զիջման հարցը, ըստ էության, վերացել է, իսկ պատերազմի վերսկսումը կանխող միակ գործոնը հայկական զինված ուժերի պատրաստվածության բարձր աստիճանն է, նոր զինտեխնիկայով հագեցված լինելու հանգամանքը։
 
Քաղաքագետի կարծիքով, այսօր Ալիևի վարչախումբը փորձում է զսպել սեփական ժողովրդի անհանգստությունը պատերազմի վերսկսկման հետ կապված, քանզի հասարակությունը պարզ գիտակցում է, որ պատերազմը խոցելու է յուրաքանչյուր քաղաքացու։ Այդ նպատակով էլ Ալիևը ամեն կերպ փորձում է ցույց տալ իր ռազմական գերակայությունը Հայաստանի նկատմամբ՝ զարկ տալով սպառազինության մրցավազքի ակտիվացման իր քաղաքականությանը՝ խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու փոխարեն։ Այս առումով, ըստ նրա, շատ կարևոր է հայկական կողմի խիստ դիրքորոշման պահպանումը, ինչպես նաև՝ հնարավոր ագրեսիան ետ մղելու պատրաստվածությունը ինչպես ռազմական, այնպես էլ սոցիալական, տնտեսական վիճակի բարելավման, երկրի ներքին քաղաքական գործընթացների կայունության ապահովման ճանապարհներով։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր