Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

26 հուլ 2022 13:18

Ինչո՞ւ է Սերդար Քըլըչն այցելել հայ-թուրքական սահման.Թուրքերը, լինելով իրականում հմուտ դիվանագետներ, այս խաղը տանում են դեպի պատային իրավիճակ

Այսօր համացանցում ակտիվորեն տարածվում են լուսանկարներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հայ-թուրքական սահման կատարած կիրակնօրյա այցից:


Կարսում լույս տեսնող Gazete Kars պարբերականի տեղեկություններով, Քըլըչը նախօրեին ժամանել է Կարս, որտեղ այցելել է Ռազմական պատմության թանգարան, ապա ուղևորվել է հայ-թուրքական սահման՝ այցելելով Անիի ավերակներ և Հայաստանի հետ սահմանին գտնվող «Դողուքափը» անցակետ։


Թուրքական թերթում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ այցելության ընթացքում Քըլըչը հանդիպել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ և ունեցել է փակ բնույթի հանդիպումներ:


168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ այս այցն ընդհանուր հայ-թուրքական գործընթացի մաս է, որի մեջ կարող են լինել՝ ինչպես երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու խնդիրը, այնպես էլ՝ ուղիղ հայ-թուրքական սահմանը բացելու հարցը։ Սա, ըստ նրա, ուղղված է հայ-թուրքական գործընթացի շուրջ ստեղծված իմիտացիան ևս մեկ դետալով «զարդարելուն»:


«Մենք ականատեսն ենք եղել սինխրոն գործընթացների, երբ թուրքական կողմից այցելում են հայ-թուրքական սահման, այստեղից Փաշինյանն է այցելում սահման, խոսում ասֆալտապատման մասին, և այլն: Ես կարծում եմ, որ Քըլըչի այցի հանրայնացումը նաև որոշակի մեսիջ է, փորձում են ցույց տալ, թե գործընթացը ընթացքի մեջ է, քայլեր են արվում, սա ուղերձ է և արտաքին աշխարհին, և նաև Հայաստանին:


Չպետք է բացառենք, որ Հայաստանից համանման ուղերձ էլ մոտ օրերս կուղարկեն թուրքերին համանման այցի կամ ժեստի տեսքով: Իսկ եթե այցը փակ լիներ, դա այլ իրավիճակ է: Կարծում եմ, այո՛, նաև պրոցեսը ավելի ամրապնդելու նպատակ ունի, ցույց տալու, որ Թուրքիան ավելի հաստատակամ է իբրև թե առանց նախապայմանների գործընթացն առաջ տանելու համար, բայց սրանք, ըստ իս, փոքր դետալներ են, որևէ լուրջ գործընթացի մասին այս հարցում չենք կարող խոսել, քանի որ լուրջ գործընթացը վերաբերում է թուրքական հայտնի նախապայմանին։ Լուրջ գործընթաց կարող ենք տեսնել Չավուշօղլուի վերջին հայտարարության մեջ, երբ նա ևս մեկ անգամ ասաց, որ Ադրբեջանի հետ համապատասխանեցնում են իրենց բոլոր քայլերը: Իսկ այս այցը, նկարներն ավելի շատ իմիտացիան ավելի ամրապնդելուն ուղղված քայլ է: Ենթադրում եմ, որ սրանով իրենց հռետորաբանությունը կհարստացվի, որ մյուս հանդիպման ժամանակ կասեն, որ իրենք կոնկրետ քայլեր են անում, այցելում, ուսումնասիրում են տեղում սահմանը, և այլն»,-ասաց վերլուծաբանը:


Նա նաև նշեց. «Իսկ ՀՀ իշխանությունները և նրանց ապաշնորհ քաղաքականությունը ՀՀ-ն հասցրել է այն եզրագծին, երբ ՀՀ-ից ակնկալում են կոնկրետ քայլեր, իսկ այդ քայլերը թուրքական նախապայմանների իրականացումն է, այսինքն՝ կոնկրետ ցավալի զիջումներ որոշակի հարցերի շուրջ: Թուրքերը, լինելով իրականում հմուտ դիվանագետներ, այս խաղը տանում են դեպի պատային իրավիճակ, որից դուրս գալու համար ՀՀ-ն պետք է համապատասխան քայլեր անի թուրքական գծած սցենարով։ Այսինքն՝ Հայաստանից այլևս իմիտացիոն քայլեր, որոնք միտված են ժամանակ ձգելուն, Թուրքիան չի ակնկալում և բավական կոշտ էլ կարձագանքի: Հաջորդ արձագանքն ավելի կոշտ կլինի, եթե Հայաստանի իշխանությունները փորձեն իմիտացիոն քայլերով ձգել պրոցեսը, որովհետև Թուրքիային ձեռնտու չէ ձգձգվող գործընթաց, Թուրքիային ձեռնտու է կոնկրետ արդյունք, այսինքն՝ իրենց կոնկրետ նախապայմանների իրականացում»:


Իսկ հայ-թուրքական սահմանի բացում, ըստ նրա, կլինի միայն Արցախն Ադրբեջանի տարածքում ճանաչելուց հետո:


«Հայ-թուրքական սահմանի բացում և ուղիղ շփումներ կլինեն միայն հայ-ադրբեջանական ուղիղ խնդիրների կարևոր մասն ադրբեջանանպաստ ձևով լուծելուց հետո: Մինչ այդ, ուղիղ հայ-թուրքական քայլեր, որոնք նաև Հայաստանին կարող են շոշափելի օգուտ կամ ապացույց լինել, որ գործընթացը, իրոք, գնում է առաջ ու արդյունք է տալիս, չի լինելու, մինչև ադրբեջանանպաստ քայլերի Հայաստանին չպարտադրեն: Մենք տեսնում ենք ՀՀ իշխանությունների հռետորաբանությունը, ելույթները, որ իրենք էլ պատրաստում են հասարակությանը այդ քայլերին: ԱԽՔ-ի համարձակ հայտարարությունը՝ սեպտեմբերին այլևս զորակոչ չանելու, Փաշինյանի հայտարարությունը՝ Բերձորն Ադրբեջանին հանձնելու մասին… դրանք բոլորը պատրաստում են հասարակությանը՝ անցնում թուրքանպաստ, ադրբեջանանպաստ քայլերն անելու համար: Իսկ հասարակության մեծ մասը գոնե անտարբեր է և շարունակում է, պայմանական ասած, «գինու փառատոնի» ռեժիմի մեջ ապրել»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հերթական անգամ անդրադարձել էր հայ-թուրքական գործընթացին: Թուրքական TRT Haber հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացն իրականում եռակողմ գործընթաց է, դրա մեջ է նաև Ադրբեջանը։ Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է ցույց տա, որ տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ու պետք է հստակ քայլեր անի այդ ուղղությամբ։ «Ասելը հերիք չէ։ Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք անկեղծ ենք, ուզում ենք տեսնել, թե Հայաստանը որքանով է անկեղծ»,-հայտարարել է Չավուշօղլուն։


Նա նաև ասել է, որ Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում:


«Մինչև այս պահն ուղերձներ ու հայտարարություններ կան, ճիշտ է, ճնշում էլ կա. դրսից՝ Սփյուռքը, ներսից՝ ֆանատիկ խմբերը: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, Հայաստանի կողմից այդ կոնկրետ քայլերը դեռևս չենք տեսել՝ ներառյալ Զանգեզուրի նախագիծը, մյուս նախագծերի կամ համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում: Այսինքն՝ արդեն Փաշինյանի գլխավորած Հայաստանի իշխանությունն այս հարցերում խաղաղության համար դրական քայլեր պետք է անի, խոսքերը բավարար չեն»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր