Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

22 մար 2024 11:20

Եթե Քըլըչը գալիս է Հայաստան, ուրեմն ինչ-որ պայմանավորվածություններ կան, իսկ դա արդեն վտանգավոր է. այս առուծախում Հայաստանը կորցնող կողմն է

Եթե Քըլըչը գալիս է Հայաստան, ուրեմն ինչ-որ պայմանավորվածություններ կան, իսկ դա արդեն վտանգավոր է. այս առուծախում Հայաստանը կորցնող կողմն էՀայաստան-Թուրքիա հարաբերություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նախօրեին հաստատել է, որ ընդունել է գործընկերոջ՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջարկը՝ հաջորդ հանդիպումը Երեւանում անցկացնելու վերաբերյալ։ Առաջարկը, հիշեցնենք, արվել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ «Եթե Քըլըչը գալիս է Հայաստան, ուրեմն խոսելու բան կա, ուրեմն ինչ-որ պայմանավորվածություններ կան, իսկ դա արդեն վտանգավոր է, որովհետեւ այս առուծախը վերջին շրջանում սկսել են ավելի արագ տեմպերով առաջ տանել»,- «Հրապարակ»-ին ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ մանրամասնելով, որ գործընթացում շտապողականությունը կարող է կապված լինել ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների եւ այնտեղ հնարավոր իշխանափոխության հետ։

Եթե ԱՄՆ-ում իշխանությունը փոխվի, այս մեծ ծրագիրը, ըստ մասնագետի, կարող է կանգ առնել։ «ԱՄՆ-ի նոր իշխանությունը կարող է չշարունակել այս քաղաքականությունը, դրանով է բացատրվում ԱՄՆ-ից կամ Արեւմուտքից շարունակ ստացվող հրահանգները, թե շուտ արե՛ք, ավարտեք։ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ ավարտին հասցնի այդ՝ խաղաղության պայմանագիր կոչվածը, որը խաղաղության հետ ոչ մի կապ չունի, բայց դրան Ալիեւն է խանգարում, որը գիտի, որ Արեւմուտքը ցայտնոտի մեջ է, ուստի ուզում է ավելին  պոկել, որովհետեւ այն, ինչ պետք է ստանար, արդեն ստացել է»: Լոքմագյոզյանը շեշտում է՝ պահանջները, որոնք հիմա դրվում են Հայաստանի իշխանությունների առջեւ, միայն Ադրբեջանինը չեն․ Թուրքիան, ի դեմս Էրդողանի, Ֆիդանի եւ Քըլըչի, բազմիցս է զգուշացրել, որ Ադրբեջանի պահանջները կատարելուց հետո միայն Հայաստանը կարող է խոսել Թուրքիայի հետ, իսկ Փաշինյանի իշխանությունն ամեն օր ավելի մեծ խոստումներ է տալիս։ 

Որ թուրք բանագնացի այցի օրակարգը թելադրված է ու վտանգավոր, կասկած չունի նաեւ թուրքագետ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ում կարծիքով՝ եթե նախկինում Թուրքիայի համար չլուծված խնդիրներ կային, հիմա հայ-թուրքական շփումներն ավելի անբռնազբոս են, որովհետեւ ՀՀ իշխանությունը կատարել է իրեն ուղղված նախապայմանները։ «Եթե հավատանք թուրքական մամուլի արտահոսքին, ըստ որի՝ Քըլըչն առաջարկ է արել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ կապված, ապա այս այցը թելադրողի դիրքերից այց է, եւ շատ ներքին ինֆորմացիա իմանալ պետք չէ՝ պատկերացնելու համար իրավիճակը։ Հայաստանն ու նրա իշխանությունը պարտված են, չունեն թուրքական պահանջներին դիմադրելու որեւէ ռեսուրս, հետեւաբար, բանակցություններն ընթանում են թուրքական թելադրանքի ներքո։ Ենթադրում եմ, որ Քըլըչը՝ որպես փորձառու գործիչ, առաջ է քաշելու դիվանագիտորեն ձեւակերպված նախապայմաններ, որոնք հնարավոր է սիրաշահելու կամ դրական հեռանկարի խոստման որոշ տարրերով ուղեկցվեն։ Թուրքիան ու Ադրբեջանն այս  առումով մեկ միասնություն են նաեւ Շուշիի հռչակագրով, հետեւաբար՝ Քըլըչի պահանջները պետք է ընկալել նաեւ որպես թուրք-ադրբեջանական»,- ասում է Մելքոնյանը։ 

Իսկ թուրքական մամուլը, հիշեցնենք, տեղեկություն էր հրապարակել, թե Սյունիքի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմին առաջարկ է եղել Անթալիայում։ ՀՀ ԱԳՆ-ն մեր հարցմանն ի պատասխան, փաստացի չէր հերքել տեղեկությունը։ Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական օրակարգում, բացի, այսպես կոչված, անկլավների հարցից, հենց Սյունիքի հարցն է։ Խաղը Սյունիքի համար է։ Ուշագրավ է, որ Քըլըչի այցի մանրամասների վերաբերյալ Ռուբինյանը տեղեկություններ չի հայտնել, նշել է, որ հանդիպման վայրն ու ժամը պետք է աշխատանքային կարգով համաձայնեցվեն։ 

Տիրան Լոքմագյոզյանը չի բացառում, որ Քըլըչը խորհրդանշական կերպով այցելի հենց Սյունիք։ «Այդպիսի սիմվոլիկ բան կարող են անել եւ ցույց տալ, թե՝ տեսեք, մենք այստեղ ենք։ Իրենց ցանկությունը մի կորիդոր է, բայց այսօր արդեն ախորժակը բացված է, իսկ մեր իշխանությունները նրանցից առաջ են գնում՝ դեռ չպահանջած։ Մենք տալիս ենք ինչ-որ բաներ, օրինակ, մեր վարչապետը հայտարարեց, թե 3 ճանապարհ, 3 անցում  է լինելու, իսկ իրենք այդպիսի բան չեն պահանջում, ես կասեի՝ անգամ Ալիեւը չի հասցնում մեր հետեւից հասնել․ դեռ պահանջները չդրած՝ առաջարկ են անում, թե սա էլ կտանք»,- ասում է նա։

Թուրքագետի կանխատեսումները հուսադրող չեն, այս առուծախում Հայաստանը կորցնող կողմն է․ «Եթե մեծ պատերազմ չլինի, ամբողջ Հայաստանը չեն տա, Հայաստանից մոտավորապես տասը հազար քառակուսի կմնա՝ մի քիչ ավել, մի քիչ  պակաս, եւ այս պահին վտանգված է Սյունիքը, հիմնական խաղը Սյունիքի վրա է գնում, որին խանգարում են հատկապես Իրանը եւ Ռուսաստանը»։ 

Նկատենք, որ ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում Թուրքիայի նախագահ Գյուլի հայտնի այցից հետո (2008-ի սեպտեմբերի 6), ով Հայաստանում ընդամենը 6-7 ժամ անցկացրեց, Թուրքիայի արտգործնախարարներ են եղել Հայաստանում. ֆուտբոլային դիվանագիտության շրջանում Ալի Բաբաջանը, ապա Ահմեդ Դավութօղլուն` երկու անգամ, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքի շրջանակում (2009 եւ 2013 թթ․)։ Թեեւ Սերդար Քըլըչի սպասվող այցը դիվանագետի մակարդակի է ու ավելի ցածրաստիճան պաշտոնյայի այց է, բայց հայ-թուրքական շփումների տեւական դադարից ու հատկապես 44-օրյա պատերազմին հաջորդած նոր իրողություններից հետո չափազանց ուշագրավ է, եւ եթե նախկինում թուրք պաշտոնյաների հետ շփումները հավասարը հավասարի դիրքերից էին, հիմա Քըլըչը «տիրոջ» դիրքերից է հարաբերվելու կրտսեր գործընկերոջ հետ։

«Հրապարակ օրաթերթ»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր