Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

04 օգոս 2022 11:29

Իսկ եթե ՌԴ-ն, ինչ-որ իրավիճակային լուծումներ տալով ժամանակավորապես այս տարածաշրջանից նահանջի՞...Այնպես որ, Ադրբեջանը չի գրավելու Սյունիքը. խնդիրը միջանցքն է

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրության համաձայն, օգոստոսի 1-ին հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ:




—Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի` սցենարային զարգացման երկու հիմնական տարբերակ կա. առաջին` Ադրբեջանը, դժգոհ լինելով Հայաստանի հետ տարվող բանակցությունների ընթացքից, տեմպից, զորքերի տեղաշարժերով, կոշտ հռետորաբանությամբ դիմում է շանտաժի՝ սպառնալով իր տարածքային ու քաղաքական հավակնությունները իրացնել ուժի կիրառման միջոցով: Երկրորդ` Ադրբեջանը կարող է ՀՀ իշխանությունների հետ պայմանավորված ագրեսիա խաղարկել՝ հանձնելով նոր տարածքներ: Ո՞րն է ամենահավանականը Ձեր գնահատմամբ:


— Որեւիցե մի տարբերակին էլ հակված չեմ: Հիմնականում խնդիրն, այսպես ասած` «Զանգեզուրի միջանցքի» հանձնման մասին է: Սյունիքը չեն հանձնելու, որովհետեւ այնտեղ ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն են, չասենք` ինչ քանակով, ինչ մարտական խնդրի լուծման համար: Ընդ որում` այդ տարածքում ՀՀ կառավարությունը հողհատկացում է կատարել: Իսկ Ռուսաստանն ասում է, որ 102-րդ ռազմաբազան, որն այսօր Հայաստանում երկու հենակետ ունի` Գյումրում եւ Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում, հիմա եւս երկուսով ավելանալու է: Այնպես որ, Ադրբեջանը չի գրավելու Սյունիքը. խնդիրը միջանցքն է: Այդ ճանապարհի վրա, ըստ Թուրքիայի եւ Ադրբեջանի, Հայաստանը որեւիցե հսկողություն չպետք է ունենա: Իսկ նրանց մեքենաներն անխափան Ադրբեջանից պետք է գնան Նախիջեւան եւ հակառակը: Հիշեցնեմ, որ Նախիջեւանն էլ Թուրքիայի սահմանում է: Սակայն սա ընդամենը նրանց ցանկությունն է, որեւիցե ձեւով իրավական առումով որեւիցե տեղ այն ամրագրված չէ` ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ հունվարի 11-ի, ո՛չ նոյեմբերի 26-ի հայտարարություններում կամ փաստաթղթերում, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական, ներառյալ արցախյան հիմնախնդրին: Հետեւապես, սա չի լինելու, ինչն ակնհայտ դարձավ Թեհրանում կայացած ՌԴ, ԻԻՀ եւ Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ:




— Սահմանային սադրանքներին նախորդել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցները Փաշինյանի եւ Ալիեւի հետ: Նա պատրաստակամություն էր հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում կոմունիկացիաների ապաաշրջափակման հարցում: Այս երկու իրադարձությունները հնարավո՞ր է ունենան պատճառահետեւանքային կապ:


— Այս տարածաշրջանում երեք պետություն կա, որոնք գործնականում հավակնում են ունենալ գերիշխող ազդեցություն: Եվ այդ երեք երկրների ղեկավարները հանդիպեցին Թեհրանում: Այնտեղ քննարկման օրակարգում առաջինը Սիրիայի հարցն էր, երկրորդը` այս տարածաշրջանը, հետո նոր` տնտեսական եւ այլ հարցեր: Հիմա Թուրքիայի նախագահ Էրդողանն ասում է, որ իր համար կան կարմիր գծեր, եւ դա այն է, որ Արցախն ամբողջովին պետք է լինի Ադրբեջանի կազմում, ինչի վերաբերյալ Հայաստանը պետք է կեցվածք դրսեւորի իրավական առումով: Իսկ սա նշանակում է ռուս խաղաղապահների դուրսբերում այստեղից: Այսինքն` ռուս խաղաղապահը դուրս է գալիս, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ են ստեղծվում, ճանապարհների բացում է տեղի ունենում եւ այլն: Բայց այդ դեպքում հարց է առաջանում` ռուսական 102-րդ ռազմաբազան ի՞նչ է անելու այստեղ: Պարզ է, որ Թուրքիայի վերադաս Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի ուզածը հենց ռուսական ռազմաբազայի դուրսբերումն է Հայաստանից: Ինչպես ասում են` խաղաքարտերն արդեն բաց են:


—Իսկ ի՞նչ են ուզում Իրանն ու Ռուսաստանը, ո՞րն է նրանց տեսլականը ստեղծված իրավիճակում:


— Իրանը մտածում է, որ եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանը, ինչ-որ իրավիճակային լուծումներ տալով ժամանակավորապես այս տարածաշրջանից նահանջի, ապա այդ դեպքում Թուրքիան չպետք է այդ վակուումը լրացնի, այլ` իրենք: Չմոռանանք, որ Իրանը 200 տարի առաջ այս տարածքում տեր ու տնօրինություն էր անում եւ պարսկական կայսրության մաս էր: Հետեւապես, իրենց պատմական հիշողությունը արթուն է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ուկրաինայում, ինչպես ասում են` հարցերը լուծելուց եւ հաղթելուց հետո, գալու է այստեղ: Իրականում Ուկրաինայում երրորդ համաշխարհային պատերազմ է տեղի ունենում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ: Իսկ վերջերս ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն խոսեց Միութենական պետության մասին, ինչը շատ բնական է եւ իրավական: 1945 թվականի Պոտսդամի կոնֆերանսով հաստատված այդ տարածքը դե յուրե առ այսօր գոյություն ունի: Ճիշտ է, շատերն ասում են` փլուզվել է, բայց այդպիսի բան չկա: Իրավական առումով պետությունը չի լուծարվել, չկա այդպիսի որոշում: Այո՛, խոսքը Խորհրդային Միության մասին է: Սակայն հիմա Խորհրդային Միության ձեւաչափը չի գործելու, այնպես չի լինելու, ինչպես Խորհրդային Միության ժամանակ էր: Խորհրդային Միության 3 հանրապետություն նստած էին Ռուսաստանի վզին, դոտացիաների տակ էին` ներառյալ Հայաստանը: Այդ առումով Վրաստանից հետո` Հայաստանը երկրորդ հանրապետությունն էր, որն ավելի շատ դոտացիա էր ստանում: Հիմա այդպես չի լինելու: Եթե ուզում ես նոր միության մեջ քո քաշային կարգն ունենալ, ապա պետք է առաջնահերթ դիտարկվեն, թե ինչ անվտանգային խնդիրներ ունես: Ըստ այդմ` բանակցություններ են ընթանալու այդ միությունը ձեւավորելու համար: Ռուսաստանը սա է ուզում վերականգնել, որը ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական առումով իրեն թույլատրված է»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր