Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

08 օգոս 2022 10:49

Իրանը թույլ չի տա Ադրբեջանին և Թուրքիային ոչնչացնել Հայաստանը.Ի՞նչ է փորձում քաղել Իրանը. Политнавигатор

Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև վերստին դադարեցվեցին ռուսական խաղաղապահների և Իրանի միջամտության շնորհիվ, որը շահագրգռված չէ Հարավային Կովկասում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ազդեցության ուժեղացմամբ: Այնպես որ առայժմ Անկարայի և Լոնդոնի՝ Ուկրաինայում Ռուսաստանի զբաղվածությունից օգտվելու պլանը ձախողվեց:


Միաժամանակ Երևանը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի հարձակողական գործողություններին հայկական բանակի և Արցախի զորքերի դիմակայելու անկարողության խորապատկերում փորձեց օգոստոսի 3-ին մի շարք առանցքային բարձունքների կորստյան մեղքը բարդել ռուսական խաղաղապահների զորակազմի վրա:


Վարչապետը հանկարծ հիշեց, որ 2020 թ. ռուսները ոչնչով չօգնեցին հայ զինվորներին և նույնիսկ իրենց չխառնվելով նպաստեցին նրանց ջախջախմանն առանձին վայրերում:


Այսպես, նա հիշեցրեց 2020 թ. դեկտեմբերի իրադարձությունները՝ կապված Խծաբերդ և Հին թաղեր գյուղեր ադրբեջանական զորքերի ներխուժման հետ, որտեղ տեղի ունեցավ Հայաստանի բանակի ստորաբաժանումների գերեվարումը ռուսական խաղաղապահների թողտվությամբ: Նրա կարծիքով՝ Մոսկվայի մեղքով հայերը կորցրին նաև Փարուխ գյուղը այս տարվա մարտին, թեպետ այն չէր գտնվում ռուսական զորքերի պատասխանատվության տակ:


Ելնելով դրանից՝ Փաշինյանը պաշտոնապես խնդրեց Կրեմլին «ճշտել խաղաղապահ գործողության մանրամասները Լեռնային Ղարաբաղում», որոնք իբրև թե հասկանալի չեն հայկական ղեկավարությանը և երկրի հասարակայնությանը: Հղումը հասարակայնությանը պատահական չէ, քանի որ հանրապետության լիբերալ ղեկավարությունը, որում շատերը կապված են եղել Սորոսի հետ, հենց ժողովրդի աչքում է ցանկանում ներկայիս բոլոր աղետների մեղավոր ներկայացնել Ռուսաստանին, որը իբր չի կարողանում պաշտպանել խեղճ հայերին:


Փաստորեն Երևանը համարում է, որ ռուսական խաղաղապահները պետք է կենդանի վահան դառնան ադրբեջանական բանակի դեմ՝ Երևանի փոխարեն լուծելով նաև Արցախի պահպանության քաղաքական խնդիրը, մինչդեռ իսպառ տապալել է սեփական բանակի ամրապնդման բոլոր պաշտպանական միջոցները:


Ըստ էության, Փաշինյանի հայտարարությունները վիրավորական են, քանի որ հենց ռուսական խաղաղապահների ներկայության, ռուսական բազայի և Մոսկվայի ամուր դիրքորոշման շնորհիվ է, որ դեռ Հայաստանը գոյություն ունի որպես անկախ պետություն և զանգվածաբար թուրքերեն չի սովորում:


Խնդիրն այն է, որ հենց հայկական կառավարությունն է համաձայնել 2020 թ. նոյեմբերի համաձայնագրին և ստորագրել այն, այնուհետև ջանացել է նույն հայ հասարակայնությանը ներշնչել Արցախի կորստյան անխուսափելիությունը և ահռելի տնտեսական շահը էքստերիտորիալ Զանգերզուրի միջանցքից, որը կառուցվելու է Թուրքիայի և Եվրամիության մասնակցությամբ Հայաստանի բնիկ տարածքում և հնարավորություն կտա ապրանքներ տեղափոխելու Կենտրոնական Ասիայից Արևմուտք Անատոլիայի միջով:


Իհարկե, հայ ժողովուրդը ճիշտ հասկացավ այդ ակնարկները՝ հանրահավաքներում որակելով դրանք դավաճանություն երկրի շահերին և փաստացի Արցախի հանձնում: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղքը մեղավորից գցել անմեղի վրա և խուսափել քաղաքական պատասխանատվությունից:


Մի՞թե նա, ինչպես մարտ ամսին, նորից կվազի հանդիպելու Ադրբեջանի ղեկավարության հետ Բրյուսելի միջնորդությամբ, որպեսզի նորից քննարկի պատվավոր կապիտուլյացիայի հարցերը:


Փաստացի ադրբեջանական բանակի դեմարշը չհանգեցրեց Արցախի անկման և Հայաստանի օկուպացման, այլ ընդամենը Անկարայի և Բաքվի հերթական շանտաժի ու ճնշման միջոց էր, ինչը հունից հանեց Թեհրանին, որը կտրականապես դեմ է ուժերի հարաբերակցության փոփոխությանը Անդրկովկասում:


Ավելին, օգոստոսի 3-ի հերթական կոնֆլիկտը Ադրբեջանին հասցրեց Իրանի հետ պատերազմի եզրին:


Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերն արդեն ադրբեջանական սահմանների մոտ նետվեցին իրանական զինված ուժերի զգալի թվով զորամասեր, որոնք պատրաստ են անհապաղ հատուկ գործողություն սկսել: Մեծ զորամասերի այդ արագ տեղաշարժը ակնհայտ մարեց Բաքվի ու Անկարայի՝ Հայաստանին արագ ծնկի բերելու և ռազմավարական միջանցքն իրենց ձեռքն առնելու ոգևորությունը:


Առաջինը հյուսիս ուղղվող իրանական բանակի շարասյուների մասին հաղորդեց avia.pro կայքէջը:


«Ներկայացված տեսակադրերում կարելի է տեսնել, թե ինչպես է Իրանը մարտական տեխնիկա փոխադրում ադրբեջանական սահմանի շրջան: Խոսքը տանկերի, ինքնագնաց հրետանային սարքավորումների, համազարկային կրակահերթի ռեակտիվ համակարգերի, բուքսիրող հրետանու, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցների մասին է:


Ըստ չհաստատված տվյալների՝ ադրբեջանա-իրանական սահմանի շրջանում նաև երկնքում պտտվում են հետախուզական անօդաչուներ: Դա վկայում է, որ Իրանը պատրաստ է ցանկացած պահին հարվածել Ադրբեջանին իր տարածքներին սպառնացող վտանգների կամ Բաքվի կողմից սադրանքների դեպքում»,- նշում է կայքէջը:


Թեպետ Թեհրանն այժմ մինչև հիմա որևէ հայտարարություն չի արել այդ կապակցությամբ, բոլորին է հասկանալի նրա ձգտումը թույլ չտալու հարձակում Արցախի և Հայաստանի վրա և անգամ ռազմական առճակատման մեջ մտնելու պատրաստակամությունը միաժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Եվ սա լրիվ կրկնում է անցած տարվա իրավիճակը, երբ երկու կողմերը զորավարժություններ էին անցկացնում միմյանց սահմանների անմիջական հարևանությամբ՝ չափելով իրենց մկանների ամրությունը:


Ավելին, դեռ կոնֆկլիկտի վերջին՝ այս տարվա մարտ ամսի էսկալացիայի ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լսեցրեց Ռեջեփ Էրդողանին և Իլհամ Ալիևին, որ թույլ չի տա Անդրկովկասում հարևան երկրների սահմանների փոփոխություն և նախազգուշացրեց Ղարաբաղում նոր լայնամասշտաբ պատերազմի հետևանքների մասին:


Շիա հոգևոր առաջնորդ Խամենեի ակնարկներն այդ կապակցությամբ թուրքական առաջնորդին հնչեցին նաև Թեհրանում երեք պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:


Ի՞նչ է փորձում քաղել Իրանը՝ միջամտելով հակամարտությանը որպես ևս մի խաղացող քրիստոնեական Հայաստանի կողմից:


Պատասխանն իրականում պարզ է և ընկած է մակերեսին. իսլամական հանրապետության ղեկավարությունը չի կարող թույլ տալ Անդրկովկասում Թուրքիայի գերիշխանության հաստատումը, ինչը կնշանակի ևս մի պլացդարմի ստեղծում ՆԱՏՕ-ի համար ի դեմս Ադրբեջանի, որը Անկարային և Արևմուտքին մոտեցնում է Կասպից ծովին ու նրա հարստություններին:


Չէ որ հասկանալի է՝ ներկայիս թուրքական վերնախավը, որ փայփայում է Օսմանյան կայսրության վերածնման գաղափարները, քանդում է Իրանի ազդեցությունը տարածաշրջանում և փակում է երկիրը հյուսիսից՝ նրա համար ստեղծելով հերթական ճակատը: Հետևաբար նախապես թուրքական կողմին հստակ ուղերձ է հղվել, որ Թեհրանը զինված ճանապարհով կպաշտպանի իրանա-հայկական գազամուղը և Սյունիք բնակավայրը, որի միջով է այն անցնում Հայաստանի հարավում:


Դա ցույց է տալիս, որ չնայած կրոնական բաղադրիչին, Իրանի ղեկավարությունը պատրաստ է և կհետապնդի իր շահերը Անդրկովկասում՝ միանալով Հայաստանին ու Ռուսաստանին ներկայիս ստատուս քվոն պահպանելու գործում:


Ակնհայտ է, որ նման դեմարշը պիտի որ համաձայնեցված լիներ Մոսկվայի և Թեհրանի միջև և պետք է ցույց տար բոլորին, որ չնայած ռուսական զորքերն այժմ զբաղված են Ուկրաինայում, ուժերի դասավորությունը փոխել և Հայաստանի սահմանները հետ տալ չի ստացվի որևէ պարագայում:


Թեհրանը չի հաշտվի նաև իր սահմաններում թուրքամետ Ադրբեջանի առկայության հետ, որքան էլ որ մոտ լինեն կրոնով: Չէ որ, բացի օսմանների գերիշխանության հաստատման մտավախությունից, գոյություն ունի նաև ներքին վտանգ իսլամական հանրապետության համար, քանի որ բնակչության մեկ երրորդը կազմում են էթնիկ ադրբեջանցիները: Ուստի «Մեծ Թուրանի» երևան գալը կարող է հանգեցնել  թուրքական ժողովուրդներով տարածքների առանձնացման, իսկ արդեն հիմա Արցախի անկումը կարող է հրահրել իրանական ազգի պառակտմանը:
Ընդ որում, էթնիկ հայերը, որոնք մոտ երկու հարյուր հազար են Իրանում, հակառակը՝ վարչակարգի հենարան են դառնում, քանզի շատ լավ ներգրավված են քաղաքական համակարգում, տարբեր պաշտոններ են զբաղեցնում պետապարատում: Բացի այդ, օգտագործելով հայկական սփյուռքի ուժերը՝ Թեհրանն անընդմեջ իր շահերն առաջ է տանում և ոչ հրապարակային հարաբերություններ է հաստատում եվրոպական երկրների հետ:


Ընդհանուր առմամբ Իրանի այսպիսի զինված ցուցադրությունը տեսանելի է դարձնում, որ  Թեհրանի և Մոսկվայի բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական համաձայնությունները գործում են, ինչը զսպող գործոն է Թուրքիայի իշխող վերնախավի համար, որը չի համարձակվի այժմ լայնամասշտաբ պատերազմ հրահրել: Դրանով էլ հենց Մեծ Բրիտանիայի՝ Անդրկովկասը կրակի մեջ գցելու պլանը տվյալ իրավիճակում սնանկ դուրս եկավ:


Արթուր Կուրմանով


Աղբյուրը՝ politnavigator.net


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր