Ղազախստանը կսկսի իր նավթը վաճառել Ադրբեջանի ամենամեծ խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը

20 տարի շարունակ նավթը CPC խողովակաշարով առաքվել է Ռուսաստանի սևծովյան Նովոռոսիյսկ նավահանգիստ, որն ապահովում է մուտքը դեպի համաշխարհային շուկա: Հուլիսին ռուսական դատարանը սպառնաց, որ կփակի CPC-ն՝ խթանելով Ղազախստանի կառավարությանն ու օտարերկրյա արտադրողներին այլ պայմանագրեր կնքել։
Խնդրի մանրամասներին տիրապետող աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Ղազախստանի պետական նավթային «Կազմունայգազը» ադրբեջանական պետական SOCAR ընկերության առևտրային ստորաբաժանման հետ ակտիվ քննարկումներ է անում՝ թույլ տալու համար ադրբեջանական նավթամուղով տարեկան 1,5 միլիոն տոննա ղազախական նավթ արտահանել դեպի Թուրքիայի միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ։ Աղբյուրը հայտնել է, որ վերջնական պայմանագիրը կողմերի միջև կնքվելու է օգոստոսի վերջին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով հոսքերը կսկսվեն մեկ ամիս անց։
Եվս երկու աղբյուր հայտնել են, որ տարեկան 3,5 մլն տոննա ղազախական նավթամթերք էլ կարող է 2023 թվականին ադրբեջանական խողովակաշարով գնալ դեպի Վրաստանի Սուփսա նավահանգիստ։ Ղազախստանի և Ադրբեջանի նավթային ընկերությունները հրաժարվել են լրատվամիջոցին մեկնաբանություններ տալ։
Աղբյուրները նաև նշել են, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի նոր երթուղին նշանակում է, որ Ղազախստանը պետք է հույսը դնի փոքր լցանավերով նավատորմի վրա, որպեսզի իր նավթը Կասպից ծովով Բաքու տանի Ակտաու նավահանգստից, որն ունի սահմանափակ հզորություն։