Արդյո՞ք մեղսունակ կճանաչվի մորը և 2 երեխաներին դաժանաբար սպանած Վրույր Բարսեղյանը
![](https://bavnews.am/wp-content/uploads/2022/11/vruyr-barseghyan-arkadi.jpg)
Ու մեր մտահոգությունն արդարացվեց. վարույթ իրականացնող մարմինը իրապես դեռ չի նշանակել դատահոգեբանական-դատահոգեբուժական համապատասխան փորձաքննությունը՝ պարզելու Բարսեղյանի մեղսունակությունը,սակայն փաստաբանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում շատ հավանական է համարել նման փորձաքննության նշանակումը։ Մասնավորապես՝ պաշտպանը չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում իրենք կմիջնորդեն՝ նշանակել փորձաքննությունը, սակայն գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, քանի որ վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կնշանակի համապատասխան փորձաքննությունը։ Վարույթի շրջանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատակենսաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել։ Վրույր Բարսեղյանի մասնակցությամբ որևէ գործողություն այս ընթացքում դեռևս տեղի չի ունեցել, միակ գործողությունը՝ ինքնախոստովական ցուցմունք տալն էր։ Գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնելուց Աղաջանյանը զերծ մնաց։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։
Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Տղամարդկանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար,
252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։