Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

25 նոյ 2022 10:15

Չգիտեմ՝ ի՞նչ խաղ են խաղում ժողովրդի հետեւում.Արայիկ Հարությունյանը որևէ կերպ չի հակադարձում Փաշինյանին․ սա մտորելու կարիք է տալիս․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդարանից ետ է կանչել Սահմանադրության փոփոխության նախագիծը: Ըստ ԱՀ նախագահի աշխատակազմի ներկայացրած հիմնավորումների, նման որոշման պատճառ են հանդիսացել ԱՀ սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ: Խորհրդարանում, ընդդիմադիր պատգամավորների հարցերին ի պատասխան, Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Սահմանադրական փոփոխությունը մեր երկրի անվտանգությունը չի ամրապնդելու, Սահմանադրությունը չփոխելով՝ երկիրը չի քանդվելու եւ չի կորցնելու որեւէ բան: Ընդամենը, քանի որ քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ անձի ձեռքում՝ դա նախագահն է, իսկ ձեւավորել նոր իշխանություն, պետք էր գնալ ընտրությունների արտահերթ, ինչի համար էլ պետք էր սահմանադրական փոփոխություն, ընտրել եմ այդ ճանապարհը: Այսօր դրա կարիքը բարեբախտաբար չկա»: Ըստ Արայիկ Հարությունյանի, քանի որ պետնախարարի լիազորությունների վերաբաշխում է եղել, այսօր քաղաքական ուժերի ներկայացուցիչների այդ մտահոգությունը չեզոքացել է եւ «սահմանադրական բարեփոխումների վռազելու որեւէ անհրաժեշտություն չունենք»: Արայիկ Հարությունյանը հավելեց նաեւ, որ դեռ հայտնի չէ, թե իր առաջարկած տարբերակն իրացնելու արդյունքում ի՞նչ խոչընդոտների կհանդիպեին:


Հիշեցնենք, որ ըստ Արցախի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի, նախատեսվում էր փոխել երկրի կառավարման մոդելը՝ սուպերնախագահական կառավարման համակարգից անցում կատարել դեպի կիսանախագահական համակարգ։ Արայիկ Հարությունյանի առաջարկով, նախատեսվում էր Ազգային ժողովին տալ լայն լիազորություններ՝ այդ թվում երկրի մայր օրենքի որոշ դրույթներում փոփոխություններ կատարելու հնարավորություն՝ առանց հանրաքվեի։


Այս եւ այլ հարցերի շուրջ «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը:


- Ձեզ համար ընդունելի եւ հասկանալի՞ են սահմանադրական բարեփոխումների նախագծի՝ ետ կանչման առիթով Արայիկ Հարությունյանի ներկայացրած պարզաբանումները: Այս գործընթացում բաց հարցեր մնացի՞ն, թե՞ ոչ. ինչո՞ւ էր գործընթացը նախաձեռնվել եւ ո՞րն էր վերջին պահին մտափոխվելու նպատակը:


- Այդ հարցերը Արայիկ Հարությունյանին կարող եք տալ: Ես միայն կարող եմ ասել, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը՝ պատերազմից հետո առաջացած եւ առաջիկայում նկատելի մի շարք հիմնախնդիրներին լուծում տալն էր: Նախ՝ պատերազմից հետո, թե գործող նախագահը, թե իշխանությունը, մասնավորաբար, գործադիր մարմիններն, ավելի մեծ վստահության պաշարի կարիք ունեին եւ դա բոլորը տեսնում էին: Երկրորդ՝ 2025 թվականին ավարտվում է եւ խորհրդարանի, եւ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետները, այդ նույն թվականին ավարտվում է նաեւ խաղաղապահների տեղակայման ժամկետը. մենք գտել ենք, որ ռիսկեր են առաջանում եւ նաեւ, պատերազմից հետո, իշխանության այդ երկու մարմինների վստահության պաշարը հաշվի առնելով, պետք է գնանք արտահերթ խորհրդարանական եւ արտահերթ նախագահական ընտրությունների, 2025 թվականին ընդառաջ՝ ունենանք ավելի մեծ վստահության պաշարով եւ գործունեության ժամկետով ԱԺ ու նախագահ: Եվ երրորդն այն է, որ, ընդհանրապես, ցանկացած սահմանադրական փոփոխություն, դա մեր պետականաշինության գործընթացում եւս մեկ ավել դրված քար է եւ ինքնին, դրա կայացումն արդեն կփաստի, որ Արցախն իր ճանապարհից չի շեղվել ու գնալու է այդ ճանապարհով: Հաջորդը՝ գործող Սահմանադրությամբ, կա պահանջ՝ ԱԺ-ի ու նախագահի միաժամանակյա գործունեության, մեկի հրաժարականի պարագայում, մյուս մարմինը ցրվում է. դա վտանգավոր է հետպատերազմյան շրջանում գտնվող եւ ամեն օր նոր պատերազմի սպասող Արցախի համար: Փոփոխությունների նախագծով այդ կապը պետք էր վերացնել: Սրանք եւ մի շարք այլ խնդիրներ էին պատճառը, որ մենք համաձայնեցինք՝ գնալ սահմանադրական փոփոխությունների: Արդեն հայեցակարգային հանձնաժողովը՝ քաղաքական ուժերից բաղկացած, կար, Արայիկ Հարությունյանն էլ ձեւավորեց մասնագիտական հանձնաժողովը: Բոլորն արդեն պատրաստ էին, իր առաջարկով եւ պնդմամբ՝ հիմնավորումով, որ կան նաեւ անվտանգային այլ խնդիրներ, որոնք հիմա ես չեմ բացի, հնարավոր է՝ ընտրություններում խնդիրներ առաջանան եւ որոշ հոդվածների փոփոխությունների լիազորությունը խորհրդարանին պետք է տալ: Մենք շեշտեցինք, որ դա լավագույն տարբերակը չէ, բայց, հաշվի առնելով մեր իրավիճակը եւ սպասվելիք մարտահրավերները, քաղաքական ուժերն, այնուամենայնիվ, իր առաջարկին համաձայնեցին՝ հանուն հիմնական խնդրի լուծման: Հետո, սկսեցին որոշակի հասարակական կազմակերպությունների կողմից խմորումներ, իբր ժողովրդի իրավունքը տալիս են խորհրդարանին եւ այլն ու այդ պատճառաբանությամբ, նախագիծը ետ կանչվեց՝ հետագա լրամշակումների համար: Փաստորեն, եթե ժամանակին ԱԺ-ի կողմից խելացի առաջարկներն ինքը լսեր՝ նման իրավիճակի առաջ չէինք հայտնվի: Արայիկ Հարությունյանը ամեն օր ստեղծում է խնդիրներ եւ սկսում՝ իբր հերոսաբար, հաղթահարել դրանք: Դա իր գործելու ոճն է: Սա է իրականությունը: 


- Նա ասաց, որ փակ քննարկման ժամանակ շատ մանրամասների կանդրադառնա: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք, ի՞նչ մանրամասներ հնարավոր է բացահայտվեն:


- Մեծ ակնկալիքներ, իր պարզաբանումներից, ես երբեւէ չեմ ունեցել եւ չունեմ: 


- Հավանական համարո՞ւմ եք, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի կասեցումը կապ ունի Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գալու հետ. սահուն իշխանափոխության գործընթաց է տեղի ունենում կարծես:


- Սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ դրա մասին խոսակցությունները եւ այդ ուղղությամբ աշխատանքները, սկսվել է 2022 թվականի հունվարին, այն ժամանակ Արցախում Ռուբեն Վարդանյան չկար:


- Ողջամի՞տ եք համարում Ռուբեն Վարդանյանի հակընդդեմ առաջարկն Ալիեւին՝ Արցախի անունից բանակցողի դերակատարումը ստանձնելու մասին:


- Ադրբեջանն առաջարկում էր, որին Նիկոլ Փաշինյանն էլ համաձայն է՝ Արցախի ներկայացուցչի՝ նկատի ունի՝ ոչ իշխանության ներկայացուցչի, ներգրավումը բանակցություններում ու խնդիրը լինի իբրեւ Ադրբեջանի ներքին գործ: Ռուբեն Վարդանյանի արձագանքը, ես կարծում եմ, որպես պետնախարար, պետք է ընդունել այսպես՝ Արցախն ունի իշխանություն եւ պետք է խոսեք այդ իշխանության հետ:


- Դա՞ է պատճառը, որ Ալիեւը, այսպես ասենք, սրտնեղած է Ռուբեն Վարդանյանի ներկայությունից Արցախում, ավելին, հրապարակային նրան անվանեց՝ «Ռուսաստանի դրածո»:


- Չեմ կարող ասել՝ դա՞ է պատճառը, թե՞ այլ աշխարհաքաղաքական պատճառներ էլ կան: Մի բան հստակ կարող եմ ասել՝ Ալիեւը շտապում է ու դրան զուգահեռ պարտվողականության դրսեւորումներ է ցույց տալիս նաեւ Նիկոլ Փաշինյանը:


- Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի ապառազմականացման մասին՝ ասելով, որ Արցախի նախագահը, ԱԽ քարտուղարը տեղեկացված են եղել գործընթացի մասին, ավելին, առաջարկությունը հենց Արցախից է եկել ու ինքը կարծել է, որ ԱՀ խորհրդարանի պատգամավորներն էլ պետք է տեղեկացված լինեին:


- Մենք նման հարցից տեղեկացված չենք: Նիկոլ Փաշինյանը միշտ մանիպուլյատիվ հայտարարում է, որ ես ներկայացնում են Արայիկ Հարությունյանին, Արայիկ Հարությունյանն էլ ներկայացնում է … այո, Արայիկ Հարությունյանը, ժամանակ առ ժամանակ, մեզ տեղեկություն տալիս է. ինչքանո՞վ է Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ տեղեկացնում Արայիկ Հարությունյանին, Արայիկ Հարությունյանն էլ մեզ՝ դա, մեղմ ասած, կասկածելի է: Վստահ չեմ, որ ինքն ամբողջությամբ ինֆորմացիան Արայիկ Հարությունյանին է փոխանցում, Արայիկ Հարությունյանն էլ ամբողջությամբ մեզ է փոխանցում:


- Ուշագրավն այն էր, որ բավական ուշացումով, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն արձագանքեց՝ ասելով, որ Արցախի ապառազմականացում չի լինելու եւ որ Արցախի որեւէ պաշտոնյա նման առաջարկ չի հնչեցրել: Արայիկ Հարությունյանը որեւէ կերպ չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ նպատակով:


- Ես չգիտեմ՝ իրենք ի՞նչ խաղ են խաղում ժողովրդի հետեւում: Համենայնդեպս, եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, Արայիկ Հարությունյանը որեւէ կերպ չի հակադարձում նրան: Սա՝ մեզ բոլորիս՝ եւ Հայաստանում, եւ Արցախում, մտորելու կարիք է տալիս:


- Նիկոլ Փաշինյանը օրերս, խորհրդարանում նաեւ հայտարարեց, որ ինքն ընդունել է Արցախի հարցի լուծման, այսպես ասած, ռուսական տարբերակը ու դա է պատճառը, որ ինքը Արցախի կարգավիճակի մասին չի խոսում: Կարծում եք՝ դա՞ էր պատճառը, որ ընդդիմադիր խմբակցությունները վերադարձան խորհրդարան, հարցի լուծման կոնսենսուս կա՞:


- Չեմ կարծում: Նախ մեկ տարի չկա, որ ՌԴ-ն առաջարկ է ներկայացրել. Խովաեւի առաջարկն, իմ տեղեկություններով, օգոստոս ամսին է ներկայացվել եւ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ հայտարարել է, որ առաջարկն օգոստոսին են ստացել: Իր հերթական մանիպուլյացիաներն են, ուստի, խնդրում եմ, Նիկոլ Փաշինյանից ինձ այլեւս հարցեր մի տվեք. նա մտածում է մի բան, հայտարարում՝ այլ, անում՝ բոլորովին այլ բան, որեւէ բանական մարդ չի կարող Նիկոլ Փաշինյանին մեկնաբանել»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր