Խուրման ունի լուրջ հակացուցումներ․ ոչ բոլորին է այն կարելի ուտել          Սեր, խոստովանություն...Խաբված 10 ռուս կանայք, որոնք զոհ են գնացել ադրբեջանցու խոստումներին, հանուն նրա վաճառել ամբողջ ունեցվածքը       ԿԻնը բուժվել է թոքերի քաղցկեղից ախտորոշումից ընդամենը մի քանի ժամ անց    

25 նոյ 2022 10:30

Թաքուն ինչ-որ փորձաքննություն են արել․20 տարի անց ինչպե՞ս պարզեցին, որ դատաբժիշկների եզրակացությունը կեղծ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դատախազությունը կասեցրել է դատաբժիշկներ Շավարշ Գեւորգյանի եւ Գագիկ Հարությունյանի գործունեությունը։ Վերջիններս առողջապահության նախարարության դատաբժշկության գիտագործնական կենտրոնի դատաբժիշկներ են, ովքեր 2001 թվականին «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն էին արել եւ եզրակացություն տվել։ Ավելի վաղ նրանց մեղադրանք էր առաջադրվել ակնհայտ կեղծ փորձագիտական եզրակացություն տալու համար։




Պողոս Պողոսյանը, հիշեցնենք, մահացել է 2001 թվականին՝ «Առագաստ» սրճարանում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Շառլ Ազնավուրի այցի ժամանակ: Պողոսյանը բարեւել էր Քոչարյանին՝ «պրիվետ, Ռոբ» ասելով, ինչից հետո երկրորդ նախագահին ուղեկցող թիկնապահները նրան տարել էին սրճարանի զուգարան ու ծեծել, ինչի հետեւանքով էլ 43-ամյա տղամարդը մահացել էր: Քրեական գործ հարուցվեց, դատաքննություն եղավ, սակայն նախագահի թիկնապահ Կուկուին՝ Աղամալ Հարությունյանին, անզգույշ սպանության համար դատապարտեցին ընդամենը 2 տարի պայմանական ազատազրկման։ Գործը վերաբացվեց հեղափոխությունից հետո, 2019-ին՝ դեպքի ականատես, բրիտանացի Սթիվեն Նյուտոնի բողոքի հիման վրա։ Նյուտոնը հեռավար ցուցմունք էր տվել, սակայն դատարանը հրաժարվել էր նրա ցուցմունքը գործին կցել՝ պատճառաբանելով, թե այն պատշաճ կարգով հաստատված ու վավերացված չէ։ 


Դատաբժիշկներ Շավարշ Գեւորգյանն ու Գագիկ Հարությունյանը մեղադրվում են ենթադրաբար դատաբժշկական ակնհայտ կեղծ եզրակացություն տալու մեջ։ Նախաքննական մարմինը դեպքից 20 տարի անց հանձնաժողովային փորձաքննություն է նշանակել, որի եզրակացությունը Գեւորգյանի եւ Հարությունյանի ներկայացրած եզրակացությանը հակասում է։ Հարությունյանի եւ Գեւորգյանն իրենց եզրակացության մեջ չէին բացառել, որ Պողոսյանը մահացել է իր հասակի բարձրությունից կամ ավելի բարձր տեղից ընկնելու հետեւանքով, մինչդեռ հանձնաժողովային փորձաքննությունը 20 տարի անց բացառել է դա՝ նշելով, որ Պողոս Պողոսյանի գլխին հարվածել են։ 


Մեզ հետ զրույցում Շավարշ Գեւորգյանի պաշտպան Վահագն Ջիվանյանն ասաց, որ բողոքարկելու են դատաբժիշկների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումը, եւ անդրադարձավ մեղադրանքին։ «Իրեն մեղսագրվում է արարք, որի վաղեմության ժամկետները դեռեւս 10 տարի առաջ անցել են։ Ամեն դեպքում, մենք այդ մեղադրանքի հետ էլ համաձայն չենք, որովհետեւ, ըստ էության, այսօր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է կատարվել իրենցից հետո՝ առանց օբյեկտիվ տվյալների, առանց դիակը տեսնելու, ինչը բնական է այդ վաղեմության ժամկետների մեջ, եւ այդ եզրակացությամբ տրվել է լրիվ հակառակ ինչ-որ իրավիճակ-պատկեր, որի հետ մենք ամբողջովին համաձայն չենք։ Այս առումով, իհարկե, բողոքարկվելու է ե՛ւ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը, ե՛ւ լիազորությունները կասեցնելու վերաբերյալ որոշումը, որովհետեւ դրանք իրավաչափ չեն։ Բացի այդ, որեւէ հիմք չկա՝ մարդու նկատմամբ ընտրել խափանման միջոց՝ այն պայմաններում, երբ մարդը Հայաստանից դուրս չի եկել երբեւէ, եթե կարծում են, թե կարող է Հայաստանից դուրս գալ։ Եթե անգամ հասնի նրան, որ մեղավոր ճանաչվեն, նույնիսկ պատիժ էլ չեն կարող նշանակել։ Խափանման միջոցն ապօրինի է, այսօր խափանման միջոցները դարձել են պատժի տեսակներ, որպես պատիժ են կիրառում անձանց նկատմամբ»,- ասաց պաշտպանը, նաեւ նշեց, որ կրկնակի փորձաքննության միջնորդություն են ներկայացնելու, քանի որ իր պաշտպանյալը հնարավորություն չի ունեցել իր ներկայացրած եզրակացությունը պնդելու։


«Պետք է միջնորդենք նաեւ կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, քանի որ խախտվել են նրանց իրավունքները։ Կրկնակի փորձաքննություն կամ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու դեպքում պարտավոր էին ծանուցել նախկին փորձագետներին, որպեսզի այդ մարդիկ մասնակցեն փորձաքննությանը եւ իրենց դիրքորոշումը հայտնեն, նախկինում արտահայտած դիրքորոշումը պնդեն եւ այլն, չէ՞ որ հավասարության սկզբունք կա, որ այդ մարդիկ կարողանան հավասար պայմաններում իրենց դիրքորոշումը պահել։ Այստեղ թաքուն ինչ-որ փորձաքննություն են արել, որն իրավական ուժ էլ չունի, եւ թաքուն ինչ-որ եզրակացություն են գրել։ Իմ տեղեկություններով՝ այդ փորձագետներն էլ շատ փոքր՝ մոտ 1-2 տարվա ստաժ ունեցող փորձագետներ են, ովքեր նույնիսկ, իմ տեղեկություններով, դիակի հերձման էլ չեն մասնակցել։ Հետեւաբար, այդ եզրակացությունը չի կարող օբյեկտիվ ու իրավաչափ լինել, որովհետեւ, նախ, մասնակից չեն եղել նախկին փորձագետները, որպեսզի բացատրեն, թե ինչու են հանգել այդ եզրակացությանը»,- ասաց Ջիվանյանը»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր