Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

07 դեկ 2022 10:49

Ջրի երես հանել Թորոսյանի գործած «մեղքերը».Փաշինյանը չի կարողանում մարսելնրա «հանդգնությունը», ով պատռեց կուսակցության դիմակը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխող «Քաղպայմանագրում» փորձում են ծածկադմփոց անել կուսակցության վարչության ընտրությունների կեղծումը, եւ այս ուղղությամբ պաշտոնանկությունների, քրեական գործի տեսքով գործընթացներ չկան, սակայն իրականում կուսակցության ներսում ծանր մթնոլորտ է ձեւավորվել՝ բոլորը բոլորին ատում են, բոլորը բոլորին կասկածում, հաճախ լուրջ բախումներ, գզվռտոց է լինում, բայց զավեշտալին այն է, որ ամենատուժողի, ամենամերժվածի կարգավիճակում հայտնվել է ՔՊ ընտրակեղծիքը բացահայտած եւ բողոքարկման գործընթացի պահանջ ներկայացրած անձը՝ Արսեն Թորոսյանը։


ՔՊ մեր աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել Թորոսյանի «հանդգնությունը», ով իր ըմբոստությամբ բիծ գցեց ՔՊ-ի՝ թվացյալ  մաքուր ու անբասիր անվան վրա։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հաղթաթուղթն իբր Հայաստանում մաքուր եւ արդար ընտրությունների ավանդույթի ձեւավորումն էր, ինչը նախկինների աքիլեսյան գարշապարն էր։ Իսկ իրենց թիմակից Արսեն Թորոսյանը միամտաբար եւ միայնակ պատռեց կուսակցության դիմակը եւ ի ցույց դրեց, թե ինչպես են ՔՊ-ականներն ընտրություն կազմակերպում՝ խայտառակելով Նիկոլ Փաշինյանին եւ նրան զրկելով գլուխ գովելու միակ լեգիտիմ հնարավորությունից։ Ուստի Փաշինյանը որոշել է ինչ-որ պահի Թորոսյանին արժանի պատիժ տալ։


Մեզ ասացին, որ վարչապետն իրավապահ կառույցներին հանձնարարել է՝ ուսումնասիրություններ սկսել Թորոսյանի՝ առողջապահության նախարար աշխատած ժամանակաշրջանի վերաբերյալ եւ, առհասարակ, ջրի երես հանել Թորոսյանի գործած «մեղքերն» ու ներկայացնել իրեն։ Թե ինչ զարգացումներ կստանան իրավական գործընթացները, թիմում դժվարանում են կանխատեսել, չեն բացառում, որ Փաշինյանն ընդամենը փորձում է Թորոսյանին «իջեցնել օդերից», որ այստեղ-այնտեղ գլուխ չգովի, թե թիմում ինքը միակ մաքուր տղան է, առավել եւս՝ հանրության աչքին հերոս չերեւա։ Հիշեցնենք, որ մամուլը բազմիցս է գրել, որ Թորոսյանը կապեր ունի միջազգային կառույցների եւ հատկապես սորոսական սեգմենտի հետ։


Ավելին, ՔՊ-ական պատգամավորներն էլ են իրենց հերթին Թորոսյանին անկյուն մղել, եւ նա խմբակցությունում մեկուսացած է՝ «սպիտակ ագռավի» կարգավիճակում։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ երեկ խորհրդարանում Թորոսյանը փոխարինում էր բացակայող ընդդիմությանը եւ զբաղված էր կառավարության ներկայացուցիչների ու իր գործընկերների քննադատությամբ։


Արսեն Թորոսյանն ակտիվ էր ոչ միայն առողջապահական  թեմաների առնչությամբ դիտարկում-քննարկումներով, այլեւ՝ առհասարակ։ Ահա մի դրվագ, որը պատկերացում կտա ասվածի մասին։ Խորհրդարանը երեկ քննարկում էր «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը: Մեր երկրում կենսաչափական անձնագրերը, այդ թվում՝ նույնականացման քարտերը, տրամադրվում են 2012 թվականի հունիսից սկսած։ Դրանց զուգահեռ՝ տրամադրվում են նաեւ հին նմուշի անձնագրեր:


«Նույնականացման քարտերի մասին» օրենքով սահմանվել էր, որ 2023-ի հունվարի 1-ից դադարեցվելու էին հին անձնագրերի տրամադրումը, փոխանակումը, սակայն հիմա առաջարկվում է 1 տարով հետաձգել այդ դրույթի իրագործումը: Մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը պետք է հին անձնագրերը փոխարինվեն նոր, նույնականացման՝ ID քարտերով: Սկզբում կտրամադրեն առանց էլեկտրոնային պահոցի, մինչեւ կառավարությունը սահմանի դրանց տեխնիկական բնութագրերը:


Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի կողմից նախագիծը ներկայացնելուց հետո Արսեն Թորոսյանը դժգոհեց. «Լինելով ՀՀ քաղաքացի՝ մի քիչ լավ չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս է ոստիկանության աշխատակիցը որոշելու իմ կարիքը՝ ես ունե՞մ ID քարտի կարիք, թե՞ չունեմ: Չեմ ուզում մտածել այդպես, բայց այստեղ կարող է լինել խնամի-ծանոթ-բարեկամ լուծումը, կարող է պարզվի, որ եթե մեկը ծանոթ է, ուրեմն իր կարիքը կարիք է, մյուսինն այնքան էլ կարիք չի: Նման մեխանիզմ ներդնելու փոխարեն պետք է պարզապես, հաշվի առնելով մեծ պահանջարկը, ապահովել պատշաճ մատակարարումներ եւ հզորությունների մեծացում: Լավ պլանավորման եւ աշխատելու շնորհիվ մեր քաղաքացիները ստիպված չէին լինելու իրենց կարիքն ապացուցել»:


Արսեն Թորոսյանը նաեւ հարցրեց՝ ինչո՞ւ է 1 տարով կասեցվում կենսաչափական անձնագրերի տրամադրումը, դրանք լավն էին ու ժամանակակից. «Այն քաղաքացիները, որոնց ID քարտերի ժամկետը լրանալու է, ասենք թե, հունվարի 15-ին, պետք է վերադառնան հին անձնագրերին: Կարծես թե հետընթաց ենք ապրում, ոչ թե առաջընթաց»: Պատգամավորի հարցերին կցկտուր պատասխան տված փոխոստիկանապետին շտապեց փրկել նախկին «գայիշնիկ», ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ իր ելույթում պատասխանելով Թորոսյանին։ Նա ասաց, որ ներկայումս կառավարությունում մշակվում են իրական կենսաչափական անձնագրերի չափանիշները. «Գաղտնիք չէ, որ նույնականացման քարտերը տրամադրելիս նաեւ տրամադրվում է էլեկտրոնային հասցե, բայց երբեւէ այդ հասցեները չեն օգտագործվել, օգտագործումը խրթին է ու բարդ: Այն կենսաչափական անձնագիրը, որը տրվել է մինչ այսօր, համարվում է ոչ բավարար տեխնիկական չափանիշներին: Կառավարությանը պետք է եւս 1 տարի՝ այդ աշխատանքներն ավարտելու համար»: Արսեն Թորոսյանը հեգնեց. «Հետաքրքիր բաներ ասացիք կենսաչափական անձնագրերի ոչ բավարար լինելու մասին, ինչն ինձ համար նորություն էր, որովհետեւ վերջին 10 տարում հակառակի մասին ենք միշտ լսել, որ կենսաչափական անձնագրերը հենց այն անձնագրերն են, որոնք ամեն ինչ պարունակում են: Բայց պարզվում է՝ ամեն ինչ չեն պարունակում, այնքան էլ կենսաչափական չեն՝ կոպիտ ասած: Բայց մենք կարո՞ղ ենք հիմա այստեղ բոլորով պայմանավորվել, որ այլեւս երբեք չենք երկարացնելու նախորդ անձնագրերի գործողության ժամկետը ու մի տարի հետո այստեղ նույն հարցը չենք քննարկելու»:


ՔՊ-ի առողջ հատվածում կարծում են՝ քանի դեռ չի բացահայտվել վարչության ընտրությունների կեղծիքը, եւ իրական մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, կուսակցությունում ավելի վատ բաներ են տեղի ունենալու, որոնց համար նախադրյալների պակաս չկա։ Երեկվա նիստից եւս կարելի է պատկերացնել, թե ինչ տրամադրություններ են թիմի ներսում։


Նշենք նաեւ, որ Արսեն Թորոսյանը միակը չէ, ում Փաշինյանը ցանկանում է իր տեղը ցույց տալ, պաշտպանության նախարար, ընտրակեղծարարության ենթադրյալ կազմակերպիչ Սուրեն Պապիկյանը եւս Փաշինյանի «սեւ ցուցակում» է։ ՔՊ-ում նկատել են, որ Պապիկյանը, ով պատվից վեր էր համարում իր ղեկավարած ոլորտի վերաբերյալ նախագծերի քննարկումների ժամանակ ներկայանալ ԱԺ հանձնաժողովների նիստերին, վերջին շաբաթներին խելոք գալիս է։ Իսկ վերջին նիստին էլ Փաշինյանի հնազանդներից մեկը՝ Հայկ Սարգսյանը, փորձեց բռնել Պապիկյանի վախը՝ ասելով, որ ժամանակն է խոսել բանակում առկա խնդիրների մասին»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր