Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» են համարում ՀՀ ողջ տարածքը,Բաքվի և Սումգայիթի ջարդերի հիշատակումը կարևոր է նաև Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակը ներկայացնելու համար
ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ես ավելի վաղ իմ գրառումներում նշել էի, որ դեկտեմբերի 24-ին Ալիևը ելույթ էր ունեցել, որտեղ կոչ էր արել «հայեցակարգ մշակել Արևմտյան Ադրբեջան ադրբեջանցիների վերադարձի» մասին: Ամբողջ քարոզչադաշտը դրանից հետո ողողվել է այդ թեզով:
Երկու օր առաջ ադրբեջանական AzTv պետական հեռուստաընկերությամբ հեռարձակվել է տեսանյութ, որտեղ նշվում է՝ «Արմևտյան Ադրբեջան» վերադառնալը դարձել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր գիծ: Նյութի մեջ մեջբերվում է Ալիևի դեկտեմբերի 24-ի ելույթը: Հաղորդավարը նշում է, որ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն անդառնալի գործընթաց է, որը կիրականացնեն խաղաղ ճանապարհով: Այժմ Ադրբեջանում աշխատում են դրա իրավական, քաղաքական, քարոզչական հիմքերի ստեղծման ուղղությամբ:
Ցուցադրվող քարտեզում ՀՀ ներկայիս տարածքն է, որոնց նկատմամբ կիրառվել են ադրբեջանական շինծու անվանումներ: Նշվում է, որ հիմա կայք է ձևավորվում, որտեղ ցույց են տալու, թե ինչպես են հայերը քշել «բնիկ ադրբեջանական բնակչությանը» և հայերով բնակեցրել այդ տարածքը:
Նշեմ, որ այսօր Ադրբեջանը ԱԳՆ–ն, արձագանքելով ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությանը, առաջին անգամ շրջանառության մեջ է դրել հետևյալ թեզը. «ՀՀ ԱԳՆ–ն, մեղադրելով Ադրբեջանին էթնիկ զտումների քաղաքականության մեջ, փորձ է անում կոծկել 20-րդ դարասկզբին Ադրբեջանի և Հայաստանի տարածքում ադրբեջանցիների դեմ իրագործված էթնիկ զտումների քաղաքականությունը»:
Երկու օր առաջ ռեպորտաժում արդեն խոսվում է, որ դա դառնալու է արտաքին քաղաքական գիծ, երկու օր անց ԱԳՆ տեքստում արդեն նման ձևակերպումներ են տեղ գտնում: Թեզը նոր չէ, բայց այն նոր թափով է դրվում շրջանառության մեջ՝ Ալիևի հանձնարարականի հիման վրա, հսկայական գումարներ են ծախսվելու դրա քարոզչական շղարշի ապահովման ուղղությամբ: Այս կեղծիքն ու աբսուրդը խնդիրներ կարող են ստեղծել մեզ համար, եթե մենք դրան անլուրջ վերաբերվենք և մեր օրակարգերը չստեղծենք:
Արդեն նշել եմ, որ առաջիկայում լրանալու է Բաքվի ջարդերի տարելիցը (1990 թ. հունվարի 13-19), որին պետք է պատրաստվենք և փաստական հենքի վրա ներկայացնենք: Մենք որևէ բան հորինելու կարիք չունենք, ցավոք, մեր պատմության մեջ ողբերգական դեպքերի և մեր ժողովրդի դեմ տեղ գտած վայրագությունների մասին փաստերը շատ են և անժխտելի: Բաքվի և Սումգայիթի ջարդերի հիշատակումը կարևոր է նաև Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակը ներկայացնելու համար:
Իսկ ավելի երկարաժամկետ առումով պետությունը պետք է պատվերներ ուղարկի պատմաբաններին, կովկասագետներին, հավելյալ միջոցներ հատկացնի և սկսի օժանդակել նրանց տարածաշրջանի պատմությունը փաստական հենքի վրա ներկայացնելու համար: Մենք այդ գիտական ռեսուրսն ունենք:
Այս հարցը հայեցակարգային մոտեցում է պահանջում:
Սա նաև առիթ է ցույց տալու, թե ինչպես է Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով տարածքային հավակնություններ ներկայացնում մեր պետության նկատմամբ:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» են համարում ՀՀ ողջ տարածքը: