Ուղղակի ծիծաղի առարկա են դարձել…ավելի է խորանում հիասթափությունս խորհրդարանական ընդդիմության նկատմամբ…
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետևում եմ ԱԺ նիստին ու, ցավոք, ավելի է խորանում հիասթափությունս խորհրդարանական ընդդիմության նկատմամբ…
Ուղղակի ծիծաղի առարկա են դարձել…»:
Հիշեցնենք՝ այսօր Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գագիկ Բարսեղյանի թեկնածության քվեարկության ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք չեմ մասնակցի դրան:
«Որպես կանոն՝ կիսատ-պռատ, չմշակված կամ Հայաստանի առաջնային օրակարգերից դուրս նախագծեր են բերվում: Ինչ վերաբերում է փակ քվեարկություններին չմասնակցելուն, ապա դա այն պատճառով է, որ դուք ապալեգիտիմացրել եք փակ քվեարկության արդյունքները և պրոցեսը, ամենաթարմ օրինակը Վահագն Հովակիմյանի քվեարկությունն է»,- պարզաբանեց Մինասյանը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով Մինասյանին, ասաց. «Ով 30 տարի ընտրությունները կեղծի, ով մեղադրի ապալեգիտիմացնելու մեջ․ դա այլ հարց է»:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ իր հերթին ասաց. «Վերջին չորս-հինգ նախագծերին, որ մենք այստեղ քվեարկում ենք, ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկել։ Ես այսպես եմ պատկերացնում քաղաքականությունը՝ քաղաքացիներն ընտրում են պատգամավորներին, որպեսզի պատգամավորները, ըստ իրենց ստացած մանդատի, ծանրութեթև անեն եկող նախագծերն ու քվեարկեն կողմ, դեմ կամ ինչ-որ դեպքերում՝ ձեռնպահ»:
Ըստ Ռուբինյանի՝ եթե բոլոր նախագծերին ընդդիմությունը քվեարկում է ձեռնպահ, ինքը կարող է ենթադրել, որ ընդդիմությունն ուղղակի քվեարկում է, որպեսզի չզրկվի աշխատավարձից։ «Սա քաղաքական աբսուրդ է»,- շեշտեց նա: