Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

19 հուն 2023 11:30

Չեմ հանդուրժելու ոչինչ,ոչ մեկին . բոլորը վախեցած են. դարձել է կասկածամիտ . «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի եւ կուսակիցների հարաբերությունները վերջին ժամանակներում աննկարագրելի լարվել են։ Հատկապես ՔՊ վարչության անդամները, այսինքն՝ Փաշինյանի «նեղ կռուգն» աննախադեպ զգուշավոր է դարձել, եթե չասենք` վախվորած․ նրանք չեն համարձակվում բառ անգամ փոխանակել վարչության նիստերից, խուսափում են ուղիղ շփումներից, միջնորդավորված են շփվում։ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության ընտրությունների հայտնի կեղծիքներից հետո 360 աստիճանով փոխել է վերաբերմունքը կուսակիցների նկատմամբ՝ նիստերին խոսում է խիստ, կտրուկ տոնով, երբեմն այնքան է բարկանում, որ իր առջեւում դրված թղթերն ու այլ պարագաներն է դեսուդեն նետում՝ փորձելով իր անձի նկատմամբ վախ ներշնչել, որ այսուհետ որեւէ ՔՊ-ականի մտքով չանցնի իր գլխից թռչել, ընտրություններ կեղծել։ Նա չի մարսում, որ իր թիմակիցները նման համարձակություն են դրսեւորել, եւ չի ներում ոչ միայն բուն զեղծարարներին, այլեւ վարչության նախկին բոլոր անդամներին, որոնք, ըստ Փաշինյանի, պարտավոր էին ուշադիր լինել եւ թույլ չտալ նման խայտառակություն, ինչը նշանակում է, որ դրսեւորել են հանցավոր անտարբերություն եւ պասիվ դիտորդի պես հետեւել զարգացումներին։ Նա այնքան կասկածամիտ է, որ կարծում է՝ բոլորն այս կամ այն չափով մասնակից են եղել այդ դավադրությանը։

ՔՊ-ում կարծում են, որ ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին հենց այդ պատճառով չվստահեց ՆԳ մեգանախարարությունը, մինչդեռ թվում էր, թե համեստ, թիմի համար խնդիրներ չստեղծող Փամբուխչյանին Փաշինյանը պետք է վստահեր եւ նշանակեր Վահե Ղազարյանի փոխարեն, որի միակ արժանիքը Փաշինյանին հավատարմությունն է։ Եթե նշանակվեր Փամբուխչյանը, սորոսականների ընդվզումն էլ չէր լինի, որը պայմանավորված էր Ղազարյանի նշանակմամբ։ Իսկ Փամբուխչյանը, ում օգտին վարչության ընտրությունների ժամանակ ձայներ էին կեղծել, վերահաշվարկի արդյունքում դուրս մղվեց ե՛ւ ՔՊ վարչությունից, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի սրտից՝ կորցնելով վստահությունը։ Սակայն կուսակցության մեր աղբյուրն ասում է, որ Փաշինյանն արշավ է սկսել ՔՊ-ական վերնախավի դեմ եւ ոչ մեկին անպատիժ չի թողնելու՝ գուցե այդ պատիժը մի քանի շաբաթից կամ մի քանի ամսից լինի, բայց Փաշինյանն իր գործողություններով ցույց է տալու, որ բոլորի ճակատագիրը մեկ մարդուց է կախված, եւ այդ մեկ մարդն ինքն է։ Եվ ինքն ինչպես ուզի, այնպես էլ կտնօրինի ՔՊ-ականների ճակատագիրը, ուստի իրեն պետք է ենթարկվեն՝ ինչպես սուլթանին, ինչպես կայսրին՝ առանց ծպտուն հանելու եւ ըմբոստության նշույլ դրսեւորելու։

Պատահական չէ, որ Փաշինյանը վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում պետական ապարատից հանում է ՔՊ-ականներին եւ կարեւոր պաշտոնների է նշանակում անկուսակցականներին։ Օրինակ, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանին փոխարինեց նախկինների կադր Տիգրան Խաչատրյանով, արդարադատության նախարարի թափուր պաշտոնում նշանակեց Միքայել Մինասյանի եղբորը՝ Գրիգոր Մինասյանին, եւ այլն։ Խոսվում է, որ առաջիկայում էլ մտադիր է մարզպետների փոփոխություններ իրականացնել եւ նրանց փոխարեն նշանակել ոչ թե ՔՊ-ականների, այլ տեղի հարգված մարդկանց շրջանակից։

Պատմում են, որ Փաշինյանի պահվածքից ՔՊ-ում արդեն իսկ հետեւություններ են անում․ եթե ընդամենը ամիսներ առաջ կուսակցության վերնախավի ներկայացուցիչները, որոնք քիչ թե շատ ինքնուրույնություն ունեին եւ ոչ գլոբալ հարցերում կարող էին միայնակ որոշումներ կայացնել, այժմ բացարձակապես զրկված են դրանից եւ անգամ «զուգարան գնալու համար» պարտավոր են ստանալ Փաշինյանի թույլտվությունը։ Դա է պատճառը, որ անգամ բարձր պաշտոն զբաղեցնողները վախենում են հրապարակավ ինչ-որ բան ասել, ինչ-որ մարդկանց բան խոստանալ՝ իմանալով, որ դրանց կատարումն իրենցից կախված չէ, կախված է 24 ժամում 20 անգամ միտքը փոխող մարդուց։
Նիկոլ Փաշինյանը նախօրեին տեղի ունեցած ՔՊ վարչության նիստում չի թաքցրել վրդովմունքը, որ դեռ կան համայնքներ, որտեղ ներկուսակցական խժդժությունների պատճառով ՔՊ տարածքային խորհուրդները չեն ձեւավորվել։ Խոսքը մասնավորապես Սիսիան եւ Նաիրի համայնքների մասին է։ Ասել է, որ ՔՊ-ում չի հանդուրժելու «թեւեր», ճամբարներ, ու հանձնարարել է սեղմ ժամկետներում լուծել հարցը, հակառակ դեպքում պատասխանատուները կպատժվեն։ Փաշինյանը թերեւս հասկանում է՝ երկրի վիճակն այնպիսին է, որ թիմը կարող է պառակտվել, եւ կարող են իր պաշտոնանկության հիմքեր ստեղծվել։

Թերեւս դրանով է պայմանավորված այն, որ նախօրեին կայացած վարչության նիստում ոչ թե շուրջ 40 օր շրջափակված Լաչինի հարցն են քննարկել, այլ Սիսիանի եւ Նաիրիի տարածքային խորհուրդների կազմավորման։ Հարցի կարգավորումը դրվել է վարչության փոխնախագահներ Գեւորգ Պապոյանի եւ Վահագն Ալեքսանյանի վրա, թեեւ Սիսիանի պատասխանատուն ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն է՝ հենց նա է Սիսիանի կառույցում խժդժություններ հրահրել, որի պատճառով խորհուրդ չի ձեւավորվում, մինչդեռ ՔՊ համագումարից առաջ նախատեսված էր, որ բոլոր կառույցները պետք է ձեւավորվեն։ 

Մենք դեռ ամիսներ առաջ էինք գրել, որ «Քաղպայմանագրի» Սիսիանի կառույցում 2 թեւի են բաժանվել եւ պատերազմում են իրար դեմ: Մի թեւը համակարգում են Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունքներ հավաքագրող Ներսես Խաչատրյանը, ակտիվ կուսակցական Արսեն Ավագյանը եւ այլ ՔՊ-ականներ: Մյուս թեւը՝ նախկինների ճամբարից հեռացած Կարեն Համբարձումյանը՝ իր թիմով: Տեւական ժամանակ այս թիմերը կատաղի պայքար էին մղում՝ մարզային պաշտոններում յուրայիններին տեղավորելու համար: Կարեն Համբարձումյանն իր բարեկամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի միջոցով համայնքային ենթակայության տակ գործող հիմնարկներից ազատում էր Արսեն Ավագյանի ազգականներին։ Եվ այս հակամարտության պատճառով էլ ՔՊ-ում տապալվում էին տարածքային խորհրդի ձեւավորման աշխատանքները՝ հրավիրված նիստերը բազմիցս չեն կայացել։ Երեկ Կարեն Համբարձումյանը մեզ վստահեցրեց, թե Սիսիանի կառույցում թեւեր գոյություն չունեն։ Իսկ թե ինչու այդ դեպքում տարածքային խորհուրդ չի ձեւավորվում, փառահեղ պատասխան տվեց․ «Կձեւավորվի, առաջիկայում ամեն բան էլ նորմալ կլինի»։ Եվ հավելեց․ «Մենք՝ բոլորս, միասնական եղել ենք, կանք ու առաջիկայում էլ կպաշտպանենք Արմեն Հակոբջանյանի թեկնածությունը, որին ՔՊ վարչությունն է կրկին առաջադրել»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր