Երկու եղբայրների մեղադրանք է ներկայացվել Լոռու մարզում ոստիկաններին կյանքից զրկելու փորձի համար. ՔԿ

Քննությամբ փաստեր են ձեռք բերվել առ այն, որ 2023 թվականի հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 24 և 22-ամյա եղբայրները, նույն քաղաքի «Դարպասի ճալ» կոչվող տեղանքում իրացնում են թմրամիջոց:
Օպերատիվ տվյալներն ստուգելու նպատակով ոստիկանության աշխատակիցները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են վերը նշված վայր, որտեղ «Օպել» մակնիշի ավտոմեքենայում նկատելով եղբայրներին, մոտեցել են, ներկայացել և հորդորել վերջիններիս իրենց հետ գնալ ոստիկանության բաժին: Եղբայրները, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, քաշքշել, ձեռքերով հարվածել են նրանց, իսկ եղբայրներից մեկը այդ ընթացքում հափշտակել է ոստիկանության աշխատակցի «Մակարով» տեսակի ատրճանակը:
Դրանից հետո 24-ամյա երիտասարդը, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, սակայն նրանց հաջողվել է խուսանավել, որից հետո երիտասարդը ատրճանակի կոթով ջարդել է հիշյալ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ապակիները:
Այդ ընթացքում դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ ևս: Վերջիններս 22-ամյա երիտասարդին փորձել են նստեցնել իրենց ծառայողական ավտոմեքենան, սակայն մյուս եղբայրը վերոհիշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենան վարելով նրանց ուղղությամբ, բախվել է վերջիններիս ծառայողական ավտոմեքենային և պահանջել բաց թողնել եղբորը, որից հետո դիմել են փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում եղբայրները ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:
Ոստիկանության երկու աշխատակիցներ տուժող են ճանաչվել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել են պարկուճներ, փամփուշտ, օդաճնշիչ ատրճանակ, արնանման հետքեր, թմրանյութի նմանվող նյութով փաթեթներ, տրանսպորտային միջոցներից վերցվել են կրակոցի արգասիքների նմուշներ:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական, համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական, փորձաքննություններ:
Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:
Ձեռք բերված փաստերի հիման վրա երկու եղբայրների նկատմամբ դատախազի կողմից հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, իսկ նրա 24-ամյա եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով։
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։