«5-րդ ալիքի» պարզաբանումը՝ սոցիալական ցանցերում առաջացած աղմուկի կապակցությամբ
Երեկ՝ հունվարի 20-ին, «5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվական ծրագրի հիմնական և ամփոփիչ թողարկումների ժամանակ ցուցադրվել են Ազատ գյուղի զորամասի հրդեհի կադրերը՝ համր, առանց բնական ձայնի զուգորդման: Այս մասին ասվում է «5-րդ ալիքի» պարզաբանման մեջ:
Նույն կադրերը՝ ոչ համր, տեղադրվել են նաև «5-րդ ալիքի» յութուբյան ու ֆեյսբուքյան էջերում՝ հետևյալ ուղեկցող տեքստով.
«Հարգելի՛ հետևորդներ, տեսանյութը նկարահանել է գյուղի անչափահաս բնակիչներից մեկը, նրա ավագ եղբայրը եղել է օգնության հասած տղամարդկանց շարքում: Տեսանյութը տրամադրած քաղաքացին հեղինակի ավագ եղբայրն է, նա վստահեցնում է, որ տեսանյությում լսվող ձայները ոչ թե կացարանում գտնվող տղաների ձայներն են, այլ օգնության հասած գյուղացիների խուճապահար բղավոցները»:
Բայց սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր այս հրապարակումը դարձրել են քննարկման թեմա:
Մեկնաբանությունների հեղինակների մի մասը, խիստ ազդված տեսածից ու լսածից, սրտաշարժ գրառումներ է արել, մի մասն էլ՝ իշխանության քարոզչական բրիգադից, ազգային ողբերգության այս ծանր պահին առիթն օգտագործել է «5-րդ ալիքի» դեմ մանիպուլյացիոն նոր գրոհ սադրելու և հանրային բանավեճի թիրախը փոխելու համար:
Հարկ ենք համարում շեշտել, որ եթե անգամ քննարկվող կադրերը ձայնային ուղեկցությամբ հեռարձակվեին հեռուստաեթերով, դա լրագրողական էթիկայի խախտման հիմք չէր կարող լինել: