Երևանում և մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով          Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 12-ի համար    

23 հուն 2023 18:46

Տարածաշրջանային առաջնորդ դառնալու համար Թուրքիային անհրաժեշտ է Իրանի թուլացումը. կռվեցնում են Բաքվին ու Երևանին

Ritmeurasia.org-ը գրում է, որ երկրների միջև առճակատման աստիճանը նվազեցնելու իրանցի և ադրբեջանցի քաղաքական գործիչների փորձերի ֆոնին այս տարեսկզբին Ադրբեջանի Նասիմիի անվան Լեզվաբանության ինստիտուտում հայտնվել է տեղանունների հատուկ բաժին, որը կզբաղվի «օկուպացիայից ազատագրված տարածքների և Արևմտյան Ադրբեջանի» հարցերով, այսինքն՝ Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) այն նահանգով, որը Հարավային Ադրբեջանում է: Դրանից քիչ առաջ էլ Թուրքիան էր հայտարարել Հարավային Ադրբեջանի «ազգային ժողովի» ստեղծման մասին։ Այսպիսով, Իրանի թյուրքական հարևաններն արդեն ակտիվորեն և բացահայտորեն դիտարկում են Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները որպես իրենց «փափուկ ուժի» կիրառման օբյեկտ։

Եվ նույնիսկ ստեղծում են թյուրքական ծագում ունեցող տեղի բնակչության ղեկավար մարմիններ։ Այս ամենը տեղի է ունենում Իսրայելի հետ Թուրքիայի և Ադրբեջանի մերձեցման ֆոնին։ Հետազոտողները կարծում են, որ իրանական Հարավային Ադրբեջանում ազգությամբ ադրբեջանցի տեղի բնակիչների բողոքի բռնկման դեպքում նրանց ակտիվորեն կաջակցեն ինչպես Թուրքիան, այնպես էլ Իսրայելը: Քրդերը, որոնց հետ Իսրայելը շատ երկար ժամանակ համակարգված աշխատում է, ևս կարող են որոշակի աջակցություն ցուցաբերել իրավիճակը ցնցելու համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցյալ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ իր հայրենակիցներն են ապրում Իրանում, և նրանց իրավունքները պետք է միշտ հաշվի առնել։ Պաշտոնական Բաքուն արդյունավետորեն օգտագործում է այդ գործոնը ճնշում գործադրելու թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի վրա։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ սահմանամերձ շրջանների իրանցի ադրբեջանցիները բացահայտ հայտարարել էին ադրբեջանական բանակին իրենց աջակցության մասին, և նույնիսկ արգելափակել էին Իրանի տարածքով Հայաստան զենք տեղափոխող բեռնատարների տեղաշարժը։

Մինչդեռ Իրանն ինքն է գտնվում քաղաքացիական պատերազմի շեմին: Նոյեմբերի կեսերին իրավիճակը երկրում կտրուկ վատթարացել է։ Մի շարք շրջաններում ավելի քան վեց ամիս տևած բողոքի ակցիաները արագ վերածվել են զինված բախումների և դարձել Իրանի պատմության մեջ ամենախոշորներից մեկը։ Դրանից հետո օվկիանոսի այն կողմից հնչել է ձայն:  ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է, որ «կազատագրի Իրանը»։ Ճիշտ է, նա արագ ավելացրել է, որ «չպետք է անհանգստանալ, նրանք շատ շուտով իրենք կազատագրեն իրենց»։

Ամենայն հավանականությամբ, այս դեպքում նկատի են ունեցել ոչ միայն իրանցի ադրբեջանցիներին ու քրդերին, այլ նաև այն փոքրամասնություններին, որոնք ապրում են իրանական  Բելուջիստանում, որտեղ նույնպես պարբերաբար սպանվում են Իրանի անվտանգության աշխատակիցներ։ Բելուջիներին, ինչպես և թյուրքական և քրդական ծագում ունեցող իրենց համաքաղաքացիներին, ակտիվորեն աջակցում են արտասահմանից։ Զարմանալի չէ, որ բելուջիների չհայտարարված առաջնորդ և Իրանի սուննիների հոգևոր առաջնորդ Աբդուլհամիդ Իսմայիլզահին արդեն բացահայտորեն խոսում է «Իրանի ժողովուրդների հանրաքվեների անհրաժեշտության մասին»։ Իսկ դրսից Իսրայելի հետ զինված առճակատման աճող ռիսկն է ազդում Իրանի ներքին խնդիրների վրա, լարվածությունը աճել է այն բանից հետո, երբ Իրանը բարձրացրել է ուրանի հարստացման մակարդակը: Իրանի դեմ աշխատողներից ամենաաննախանձելի դերը վերապահված է Ադրբեջանին։

Ուստի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները դեռ աշնանն են իրականացրել զինտեխնիկայի զանգվածային տեղափոխում այդ հանրապետության հետ սահման: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի հնարավոր փակուղու ֆոնին Իսրայելը, Մոսադի ձեռքով, կնպաստի տարածաշրջանում բողոքի տրամադրությունների ստեղծմանը, որպեսզի բարդացնի Իրանի վիճակը: Իսրայելը, նման կերպ, ակնկալում է քանդել այաթոլլահի ռեժիմը։ Նման տարբերակը ձեռնտու է նաև Թուրքիային, քանի որ Իրանը տարածաշրջանում նրա բնական հակառակորդն է։

Տարածաշրջանային առաջնորդ դառնալու համար Թուրքիային անհրաժեշտ է Իրանի թուլացումը, իսկ Իրանում բազմամիլիոնանոց թյուրք բնակության առկայությունը և Ալիևի ռեժիմն ու Ադրբեջանի ներուժն իր հայեցողությամբ օգտագործելու հնարավորությունը լայնածավալ հեռանկարներ է բացում պանթուրքիստների համար։ Հակաիրանական և հակաշիա հարթակում կարող է ձևավորվել Թուրքիայի, Իսրայելի և Պարսից ծոցի սուննի միապետությունների չհայտարարված դաշինք։ IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ Ադրբեջանն արդեն «մեծ թվով իսրայելական հետախույզներ է տեղակայել Բաքվում, և փորձ է արվում միջանցք ստեղծել դեպի Նախիջևան  հայկական տարածքներով, որին Իրանը դեմ է... Ադրբեջանը վերածվել է Իրանում դիվերսիոն գործողություններ իրականացնող  ահաբեկչական խմբավորումների բուծարանի»։ Բացի այդ, թուրքերի կողմից աջակցված Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ բացահայտ հաղթանակից հետո դեռ լի է հաղթական տրամադրություններով ու ռազմական փսիխոզով։

Ըստ վերլուծաբանների The Jerusalem Post-ում  հրատարակած հոդվածի Թուրքիան դրդում է Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, և դրա նպատակներից մեկը այնպիսի ճգնաժամի ստեղծումն է, որտեղ Հայաստանը կարող է ներկայացվել որպես Ռուսաստանի հետ դաշինքի համակարգի մաս, ինչը թույլ կտա Թուրքիային աջակցելով իր դաշնակից Ադրբեջանին ներկայանալ որպես ՆԱՏՕ-ի անդա: Մոսկվան, ասում են, կարող է չաջակցել Հայաստանին, այդ թվում Փաշինյանի տարօրինակ դիրքորոշման պատճառով, և Հայաստանին կառաջարկվի գնալ զիջումների Ռուսաստանի և Թուրքիայի միջև նոր գործարքների դիմաց։ Բայց դա մետաղադրամի միայն մեկ կողմն է։ Մյուս կողմից, նման հարձակումները կարող են անհամաչափ ավելի մեծ վնաս հասցնել ոչ թե հեռավոր Մոսկվային, որը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի, այլ մոտակա Թեհրանին, որի մուտքի բանալին են փնտրում Անկարան, Վաշինգտոնը և Թել Ավիվը ակտիվորեն կռվեցնելով Բաքվին ու Երևանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր