Գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ տերմին և դրա տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն է. Փաշինյանը՝ Ալիևին
Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում ընթանում է Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկումը, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է hամաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:
Մասնավորապես ՀՀ վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղ տերմին գոյություն ունի, այն գրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում, և դրա տակ ստորագրել է նաև Իլհամ Ալիևը։
«Այնտեղ կա նաև Լաչինի միջանցք տերմինը, որը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության տակ»,– հայտարել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի շրջափակված լինելուն, վարչապետը հիշեցրել է ինչպես են ադրբեջանցի «բնապահպանները» հայ երեխաներին վախեցրել ավտոբուսում` ՀՀ-ից տուն վերադառնալու ճանապարհին։
«Մի քանի երեխա փորձեց երթևեկել Լաչինի միջանցքով: Նրանց կանգնեցրին Ադրբեջանի դիմակավորված քաղաքացիներ, ներխուժեցին նրանց ավտոբուս, ինչից հետո երեխաները վախեցան, և դա վերջին անգամ էր, երբ խաղաղ բնակիչները փորձում էին օգտվել ճանապարհից»,- ասել է վարչապետը:
Փաշինյանն անդրադարձել է նաև «կործանված մզկիթների մասին» Ալիևի հայտարարությանը. «ԽՍՀՄ տարիներին հազարից ավելի մզկիթ է քանդվել: Հայաստանում ԽՍՀՄ տարիներին քանդվել են եկեղեցիներ, մզկիթներ: ԼՂ հայերը չպետք է վճարեն ԽՍՀՄ արարքների համար: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը ցանկանում է հակամարտությանը կրոնական ենթատեքստ տալ։ Այս պնդումը անհիմն է մի երկրի համար, որտեղ բնակվում են մահմեդականներ և կա գործող մզկիթ»:
Փաշինյանն անդրադարձել է նաև Ալիևի այն ձևակերպմանը, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը «Հայաստանի կապիտուլյացիան» էր:
«Գրեթե վիրավորական է հնչում։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե Ադրբեջանը վրեժխնդրության քաղաքականություն է վարում։ Հայաստանի դիրքորոշումը ժողովրդավարությունն ու երկխոսությունն է, հարգանքը տարածաշրջանի բոլոր երկրների նկատմամբ, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-ասել է նա։