Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

24 փետ 2023 15:12

Մինչև ողբերգական հրդեհը, Ազատ գյուղի դիրքեր են բերվել մոտ 200 ադրբեջանական հատուկ ջոկատայիններ. Հովհաննիսյան

2022 թվականի դեկտեմբերի 23-ին «Կոմանդո» հատուկ ջոկատայինների մոտ 200 հոգանոց խումբ է բերվել Ազատ գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքեր, որի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղյակ է եղել և այդ ուղղությամբ գտնվող 16 հայկական դիրքերից 8-ից հայ դիրքապահներին «իջնելու» հրաման է եղել։ Տեղեկությունը ասուլիսի ժամանակ հայտնեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։


«ՀՀ ՊՆ ԳՇ հրամանով՝ 50 հայ կամավորական դիրքապահների իջեցրել են՝ դատարկելով 16 դիրքից 8-ը։ Մեկ դիրքից մյուսի միջև հեռավորությունը 500-600 մետր է։ Եթե զինծառայողներին հանում են այդտեղից, ապա դիրքերի միջև հեռավորությունը դառնում է 1-2 կմ։ ՊՆ-ն դա արել է այն դեպքում, երբ առաջանագիծ են բերվել ադրբեջանցի հատուկ ջոկատայինները»,- նշեց նա։


Ազատամարտիկի խոսքով՝ դիրքերից իջած բոլոր զինծառայողները եղել են 44-օրյա պատերազմին մասնակցած երիտասարդ, փորձառու զինվորներ։ Հովհաննիսյանն ասում է՝ Ազատ գյուղն ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական նշանառության տակ, նույնիսկ անզեն աչքով թշնամին կարողանում է դիտարկել՝ ինչ է կատարվում գյուղում, իսկ մինչև ողբերգական հրդեհը կարողացել է հետևել ՀՀ ինժեներասակրավորային վաշտի սակրավորների գործողություններին։


«Դեկտեմբերի 23-ին «Կոմանդո»-ի հատուկ ջոկատայինները եկել են, դեկտեմբերի 28-ին հայ դիրքապահներին հեռացրել են՝ 8 պոստում թողնելով ընդամենը 56 զինծառայող, թիկունքում եղել է միայն ինժեներասակրավորային վաշտը և տեղի է ունեցել այդ դժբախտությունը»,- հավելեց ազատամարտիկը։


Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, վնասվածք է ստացել 7-ը։


Հրդեհից հետո պաշտոններից ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամկազմը։


Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ), ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։


Քրեական վարույթի շրջանակում արդեն կա երեք մեղադրյալ. զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանին, ինչպես նաեւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև այրվածքներով հոսպիտալացված կապիտանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր