Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի պատճառով
Վրաստանի ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանում փորձել են խանգարել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկմանը, ծեծկռտուք է տեղի ունեցել, կադրերը հեռարձակում են վրացական հեռուստաընկերությունները:
Ավելի վաղ «ժողովրդի ուժ» ընդդիմադիր շարժման պատգամավորները Վրաստանի խորհրդարան էին ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որի համաձայն առաջարկվում է երկրում ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների եւ օտարերկրյա պետությունից ֆինանսավորում ստացող սուբյեկտների ռեեստր: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները, որոնք ներկայացնում են խորհրդարանական մեծամասնությունը, լրագրողներին հայտնել են, որ մտադիր են աջակցել նոր օրինագծին, իսկ եթե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դնի դրա վրա, ապա պատգամավորները կփորձեն հաղթահարել այն:
Խորհրդարանի շենքում հավաքվել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության, տարբեր լրատվամիջոցների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք օրինագծի կողմնակից պատգամավորներին դիմավորեցին «Դուք ռուսական օրենքի հեղինակ եք» և «Մենք կորցնում ենք Եվրոպան» գրություններով պաստառներով:
Որոշ ընդդիմադիր պատգամավորներ, որոնք ավելի վաղ բոյկոտել էին խորհրդարանական գործունեությունը, մտել էին դահլիճ, որտեղ պետք է սկսվեր օրինագծի հանձնաժողովի լսումը, եւ փորձել էին տապալել նիստը: Նրանց ուժով ստիպել են դուրս գալ դահլիճից, ինչը ծեծկռտուքի պատճառ է դարձել։